Եթե հրադադարի մասին նոր համաձայնագիր ստորագրելու անհրաժեշտություն առաջանա՝ ապա համաձայնագիրը պետք է ստորագրվի միայն Ադրբեջանի ու ԼՂՀ-ի միջեւ: Այս մասին ապրիլի 6-ին հայտնել է ՀՀ նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը «Իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում, հետագա իրադարձություններ» թեմայով քննարկման ընթացքում:
Բացի դրանից, շեշտեց դիվանագետը, երբ բանակցությունները վերսկսվեն, պատադիր պետք է վերադառնալ եռակողմ ձեւաչափին:
«Այսօր կա մեկ հիմնական խնդիր, որի վրա պետք է կենտրոնանան Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի իշխանությունները: Եթե հակառակորդի հսկողության տակ դեռ գրավված տարածքներ կան, դրանք պետք է վերադարձնել: Սա առաջնային խնդիր է: Այսինքն պետք է ամբողջովին վերականգնվի այն իրավիճակը, որը եղել է մինչեւ ապրիլի 1-ը»,- շեշտեց Վահան Փափազյանը: Այս պահին, պարզաբանեց նա, կա ռազմական խնդիր: «Երբ ռազմական խնդիրը լուծվի, դրանից հետո դիվանագետները ու քաղաքական գործիչները պարզապես ստիպված կլինեն վերսկսել բանակցությունները»,- հավելել է Վահան Փափազյանը:




























