Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլին, որտեղ նախատեսվում են Սերժ Սարգսյանի հանդիպումները Գերմանիայի բարձրագույն ղեկավարության հետ: Ապրիլի 6–ին ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ:
Զրուցակիցները հայ-գերմանական միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում երկուստեք կարեւորել են միջխորհրդարանական համագործակցությունը, որի զարգացման գործում Նախագահ Սերժ Սարգսյանը կարեւորել է Նորբերթ Լամմերթի ավանդը: «Դուք ոչ միայն խրախուսում եք երկու խորհրդարանների միջեւ կապերը, որոնք գործնական հարթակ են ձեւավորում փոխադարձ շահերի լիարժեք ընկալման համար, այլեւ ձեր ուշադրության ներքո եք պահում հայ ժողովրդին վերաբերող հարցերը»,- Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթին ասել է Սերժ Սարգսյանը: ՀՀ Նախագահը, որպես ասվածի վկայություն, նշել է պարոն Լամմերթի մասնակցությունը Գերմանիայում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներին, ինչպես նաեւ նրա ելույթը Բունդեսթագի Հայոց ցեղասպանությանը նվիրված հատուկ նիստին։ Նորբերթ Լամմերթը վստահություն է հայտնել, որ ՀՀ Նախագահի պաշտոնական այցը եւ դրա շրջանակներում հանդիպումները Գերմանիայի բարձրագույն ղեկավարության հետ, նոր մակարդակի կբարձրացնեն հայ-գերմանական քաղաքական երկխոսությունն ու կընդլայնեն համագործակցությունը:
Քննարկվել են նաեւ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող խնդիրներ եւ հույս է հայտնվել, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարգավորող նոր շրջանակային համաձայնագիրը կստորագրվի տեսանելի ապագայում: Ի պատասխան ՀՀ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Նախագահ Լամմերթի հարցին, Նախագահ Սարգսյանը տեղեկացրել է սահմանադրական փոփոխություններով պայմանավորված առաջիկա զարգացումների մասին եւ շնորհակալություն հայտնել գերմանական կողմին այդ գործընթացում տրամադրված խորհրդատվական աջակցության համար:
Հանդիպմանն անդրադարձ է եղել ԼՂ հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումներին:




























