Արգենտինայի հայկական համայնքը ապրիլի 5-ի երեկոյան Բուենոս Այրեսում Ադրբեջանի դեսպանատան դիմաց ցույց է կազմակերպել Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու պահանջով, հայտնում է  Nouvelle d’Armenie-ն` վկայակոչելով Prensa Armenia-ին:

Ցույցը միավորել է Արգենտինայի հայ համայնքի շատ ներկայացուցիչների, որոնք հանդես են եկել հատուկ հայտարարությամբ.  «Ադրբեջանը շարունակաբար զինվում էր, եւ ահա վերջապես բոլորը տեսան, թե որն էր դրա նպատակը: Ադրբեջանի ագրեսիան մեզ բոլորիս եւս մեկ անգամ ապացուցում է, որ անհրաժեշտ է Ղարաբաղի հարցը լուծել խաղաղ եղանակով եւ հարգելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Արգենտինայի հայ համայնքը համերաշխ է ԼՂՀ-ի ղեկավարության հետ եւ աջակցում է նրա գործողություններին: Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը` մենք Արգենտինայի իշխանություններից պահանջում ենք կողմերին խաղաղ բանակցությունների կոչ անել` ԼՂՀ-ի ինքնորոշման իրավունքով»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրադադարի պայմանավորվածությունը գործում է ապրիլի 5-ի ժամը 12-ից: ԼՂՀ Ինքնապաշտպանական բանակի մամուլի ծառայության տեղեկությունների համաձայն, անցյալ գիշեր պայմանավորվածությունը հիմնականում պահպանվել է:  

Ապրիլի 5-ի տվյալների համաձայն, ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի ԶՈՒ-ի շփման գծի ամբողջ երկայնքով հայկական կողմից  29 զինվորական է զոհվել, 28 մարդ անհետ կորել է,  101-ը վիրավոր է: Ադրբեջանական կողմի կորուստներն ավելի մեծ են` ավելի  2 հազար սպանված եւ վիրավոր: Որպես ապացույց ներկայացվել է հետախուզության ձայնագրած մի հեռախոսազրույց, որը հաստատում է այդ տեղեկությունները: