ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի ԶՈՒ-ի շփման գծում ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված եւ վիրավոր զինծառայողների ընտանիքներն ուշադրության կենտրոնում են: Այդ մասին խորհրդարանում ապրիլի 6-ին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին այն մասին, թե արդյոք պետական մակարդակով աջակցություն է ցուցաբերվում զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին:
Օհանյանի խոսքով, Պաշտպանության նախարարությունն օրենքի շրջանակում իրականացնում է ամեն հնարավորը, որպեսզի բուժօգնություն տրամադրի վիրավորներին եւ անհրաժեշտության դեպքում ապահովի նրանց բուժումը երկրի սահմաններից դուրս: Ինչ վերաբերում է զոհվածների ընտանիքներին, Հայաստանի եւ ԼՂՀ-ի պաշտպանական գերատեսչությունները, ինչպես նաեւ բարեգործները ցուցաբերում են անհրաժեշտ ֆինանսական աջակցությունը:
Օհանյանը նաեւ նշել է, որ 2015-ին որոշում է կայացվել կրկնապատկել վիրավոր եւ զոհված զինծառայողների ընտանիքներին օգնության տրամադրումը:




























