Ադրբեջանը կրկին տարածաշրջանը վերածեց Եվրոպայի անվտանգությանը սպառնացող թեժ կետի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 6-ին, Բեռլինում, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա իր խոսքում, մասնավորապես, ասվել է.

«Ինձ համար մեծ պատիվ է պաշտոնական այցով կրկին գտնվել բարեկամ Գերմանիայում, որը Հայաստանի համար թե՛ եվրոպական եւ թե՛ միջազգային հարթակներում արժեքավոր բարեկամ է, հուսալի գործընկեր եւ հաստատակամ աջակից։ Շնորհակալ եմ, տիկի՛ն կանցլեր, հրավերի եւ ջերմ ընդունելության համար: Հայաստան-Գերմանիա հարաբերությունների օրակարգը չափազանց լայն է: Այն ներառում է թե՛ բազմոլորտ երկկողմ հարաբերությունների շրջանակ, թե՛ փոխգործակցություն Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-ՆԱՏՕ եւ խաղաղապահ առաքելությունների շրջանակներում։

Բնականաբար, այս օրերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի զինված լայնածավալ հարձակման արդյունքում ստեղծված իրադրության պայմաններում մեր քննարկումների մի մասը նվիրված էր հիշյալ խնդրին:

Ես կանցլեր Մերկելին հանգամանորեն տեղեկացրեցի վերջին օրերի զարգացումների մասին: Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ գերմանական նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող ղարաբաղյան կարգավորման գործընթացին: Դեռեւս տարեսկզբին Գերմանիան վերահաստատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` զինադադարի խախտումները հետաքննող մեխանիզմի ստեղծման առաջարկը: Հայաստանը մշտապես կողմ է եղել դրան, ինչպես նաեւ, որպես վստահության ամրապնդման միջոց կամ կայունություն ապահովող միջոց, շփման գծից դիպուկահարներին հետ քաշելու առաջարկներին: Սակայն դրանք այդպես էլ չկենսագործվեցին. Ադրբեջանը կտրականապես դեմ է վստահության հաստատմանն ուղղված միջոցառումներին՝ հետամուտ լինելով բոլորովին այլ նպատակների։

Եվ այդ նպատակները վերջնականապես բացահայտվեցին ս.թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը: Անտեսելով միջազգային հանրության՝ խաղաղությանն ուղղված ավելի քան 20 տարիների ջանքերը, Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծի ողջ երկայնքով լայնածավալ ռազմական գործողություններ սկսեցին: Փաստացի իրականացրեցին զինադադարից ի վեր մասշտաբներով աննախադեպ, նաեւ խաղաղ բնակչության դեմ ուղղված հարձակում։ Արդյունքում Ադրբեջանը կրկին տարածաշրջանը վերածեց Եվրոպայի անվտանգությանը սպառնացող թեժ կետի։

Ղարաբաղի ժողովուրդը չի ցանկանում պատերազմ, այլ ուզում է պարզ եւ հասկանալի մի բան, որի համար միշտ պայքարել են գաղութացված բոլոր ժողովուրդները: Նրանք ուզում են ինքնուրույն տնօրինել իրենց ճակատագիրը եւ ազատ կերտել իրենց ապագան: Նրանք ցանկանում են, որ իրենց երեխաները խաղաղ եւ երջանիկ մանկություն ունենան, ուզում են ապրել ժողովրդավարական պետության մեջ: Նրանք այլ ցանկություն չունեն:

Արդեն շուրջ երեսուն տարի` 1988-ից ի վեր, նրանք ամեն օր ստիպված են պայքարել այդ ազատության համար, ամեն օր ապացուցել այլ ժողովուրդների հետ իրենց իրավունքների հավասարությունը: Եվ նրանց իրոք հաջողվեց պարտադրված պատերազմի, ապօրինի շրջափակման եւ փխրուն զինադադարի անվերջ խախտումների պայմաններում անել այդ ուղղությամբ ճիշտ քայլեր: Նրանք միջազգային հանրությունից ակնկալում են  միայն մեկ բան` իրենց այդ իրավունքի ճանաչում:

Այս մասին եմ պատմել տիկին կանցլերին, ով քաջատեղյակ է պայքարող այդ ժողովրդի նորագույն պատմության մանրամասներին:

Օգտվելով առիթից` ցանկանում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Գերմանիայի կառավարությանը, անձամբ տիկին կանցլեր Ձեզ` Հայաստան-Եվրամիություն երկխոսությանը հետեւողականորեն աջակցելու համար։ Դա կենսական է մեզ համար՝ որպես եվրոպական արժեհամակարգի կրող ու հետեւորդ ժողովուրդ։