Համագործակցության ոչ մի ձեւ սառած չի լինում:  Ցանկացած կազմակերպություն, եթե գործունակ է, եթե ակտիվորեն աշխատում է, ուրեմն կենդանի օրգանիզմ է, որը հասկանում է, թե տվյալ փուլում կոնկրետ ինչ է անհրաժեշտ անել գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու համար: Դա լիովին վերաբերում է ԱՊՀ-ին: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը`   ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում` պատասխանելով այն հարցին, թե ՌԴ-ն ինչ դիրքորոշում ունի ԱՊՀ-ի զարգացման առումով:  

«Մենք բարեփոխումն ընկալում ենք ոչ որպես թղթի թերթ, որի վրա գրված է. «նոր օրգան ստեղծել, լուծարել հին օրգանը»: Դա անհամեմատ ավելի նուրբ կառուցվածք է: 

Հետխորհրդային տարածքում շատ կառույցներ կան, ճիշտ է: Հայտնվել է Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ), շատ արդյունավետորեն եւ ակտիվորեն գործում է ՀԱՊԿ-ը: Մեր շատ գործընկերներ ասում են. «Գուցե չարժե տնտեսական համագործակցությունը կրկնօրինակել ԵվրԱզԷՍ-ում եւ ԱՊՀ-ում: Ի՞ նչ կարիք կա ԱՊՀ-ում անվտանգության հարցեր քննարկել, եթե գոյություն ունի ՀԱՊԿ-ը»: Բայց հարցն այն է, որ այդ տնտեսության եւ անվտանգության ոլորտում առաջ գնացած ինտեգրացիոն միավորումներում ներգրավված են ԱՊՀ-ի ոչ բոլոր երկրները, օրինակ` Ադրբեջանը ոչ ԵՏՄ-ի, ոչ ՀԱՊԿ-ի անդամ չէ: Հույս ունեմ, որ այս իրավիճակը կարող է փոխվել»,- ասել է Լավրովը:

Նախարարի խոսքով. ԱՊՀ-ում կա ազատ առեւտրի գոտի, որի մեջ մտնում է ոչ թե հինգ երկիր, ինչպես ԵՏՄ-ում, այլ` ինը, եւ սխալ կլիներ կորցնել դա.  «Դա վնաս կհասցներ այն երկրների շահերին, որոնք մտնում են ազատ առեւտրի այդ գոտու մեջ, ներառյալ ՌԴ-ն: ԱՊՀ-ում կան կառույցներ, որոնք զբաղվում են ընդհանուր սպառնալիքների դեմ համատեղ պայքարով, օրինակ` Սահմանապահ զորքի հրամանատարական խորհուրդը: Եթե ձեւական տրամաբանությամբ շարժվենք, ՀԱՊԿ-ի շրջանակում անհրաժեշտ է կենտրոնացնել անվտանգության բոլոր հարցերը, իսկ այնպիսի կառույցներ, ինչպիսիք ԱՊՀ-ի ներքին գործերի նախարարների, սահմանապահների խորհուրդներն են, զբաղվում են կոնկրետ բաներով: Այստեղ հարցն այն չէ, թե արդյոք դա արհեստական կառույց է, թե ոչ: Ավտոմեքենաների գողություններ են տեղի ունենում, որոնք պետք է փնտրել նախկին ԽՍՀՄ-ի ամբողջ տարածքում, թմրանյութերի առեւտուր, մարդկանց տեղաշարժեր, որոնց նկատմամբ խուզարկություն է հայտարարված:  Այդ ամենը շատ առարկայական բաներ են:   Դրանց մասին քչերը գիտեն, որովհետեւ դա համապատասխան նախարարությունների աշխատակիցների առօրյա աշխատանքն է: Բայց դա մեր բոլոր պետությունների նորմալ գործունեության կարեւոր բաղկացուցիչ մասն է:  Այդ պատճառով մենք պիտի ուշադրություն դարձնենք եւ ԱՊՀ-ի քարտուղարության աշխատակազմին, եւ մարմինների կառուցվածքին: Որոշ մարմիններ հավանաբար կարելի է ավելի հազվադեպ հավաքել կամ միավորել այլ մարմինների հետ: Բայց այդ ամենը պիտի կառուցվի այն սկզբունքով, որ  «երեխային էլ չթափեն լվացքաջրի հետ»: Ես հույս ունեմ, որ մենք հենց դրանով կկողմնորոշվենք, այդ թվում նաեւ` երբ Մոսկվայում հարցերը քննարկվեն ԱՊՀ ԱԳՆԽ-ի նիստին»: