Ադրբեջանի հարցը ընդգրկվելու է ԵԽԽՎ դիտարկման կոմիտեի հերթական նիստի օրակարգում։ Օգոստոսի 26-ին նման կարծիք է հայտնել ադրբեջանցի իրավապաշտպան Նովելլա Ջաֆարովան,- հաղորդում է ադրբեջանական «Էխո» թերթը։
«Ադրբեջանի հարցը չպետք է ընդգրկվեր սեպտեմբերի օրակարգում։ Սակայն Նովրուզ Մամեդովի մահվանից հետո մեր երկիրը այնուամենայիվ կքննարկվի ԵԽԽՎ մոնիտորինգի կոմիտեի հերթական նիստում, ինչը շատ վատ է»,- նշել է Ջաֆարովան՝ հավելելով, որ, ըստ նրա, Ադրբեջանի հարցերով ԵԽԽՎ նոր համազեկուցողը անպայման կնշանակվի սեպտեմբերին։ Ըստ նրա, նոր համազեկուցողը պետք է լինի Մոնիտորինգի կոմիտեի անդամ և պետք է ներկայացնի Ադրբեջանի նկատմամբ չեզոք երկիր, այսինքն՝ Եվրոպայի խորհուրդը հազիվ թե համաձայնի Թուրքիայի, Վրաստանի և Ուկրաինայի ներկայացուցչի նշանակման հետ։
Մինչդեռ, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Գյուլթեքին Հաջիևայի կարծիքով, նոր համազեկուցողը կնշանակվի մինչև այս տարվա վերջ։ Հաջիևան հույս է հայտնել որ նոր համազեկուցողը չպետք է լինի այնպիսին, ինչպիսին էր Անդրեաս Գրոսը. «Անդրեաս Գրոսը բազմիցս խոչընդոտել է մեր աշխատանքներին, երբ մենք փորձում էինք Եվրոպայի Խորհրդին հասանելի դարձնել ադրբեջանական իրողությունները»։
Հիշեցնենք, որ Եվգենիա Ժիվկովան Ադրբեջանի հարցերով ԵԽԽՎ դիտարկման կոմիտեի համազեկուցողի պաշտոնից հեռացել է հունիսին:




























