Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող կարճ հրադադարը Ղարաբաղի եւ Հայաստանի համար մեր ուժերը վերադասավորելու ժամանակահատված է`հնարավոր նոր հարձակումներին դիմագրավելու համար: Այս մասին այսօր` ապրիլի 8-ին, ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
«Մենք պետք է ելնենք այն իրողությունից, որ մենք մենակ ենք: Մեծ քաղաքականությունը խարսխվում է երկու սյուների վրա` իրողություն եւ հնարավորություն: Սրանք հուշում են, որ մեծ իմաստով` մենք դատապարտված ենք միայնակ դիմակայելու բոլոր տեսակի արտաքին սպառնալիքներին»,- ասաց Խոսրով Հարությունյանը:
Նրա խոսքով` ստեղծված իրավիճակում խնդրի լուծման միակ հնարավոր տարբերակն այն է, որ բանակցային սեղանի շուրջ նստեն Ղարաբաղն եւ Ադրբեջանը:
«Բանակցային գործընթացի հետ կապված Հայաստանն ու Ղարաբաղը արդեն իսկ իրենց հարցադրումները բարձրաձայնել են` քանի որ եւ Բակո Սահակյանը, եւ Սերժ Սարգսյանը նշել են, որ բանակցող կողմերը պետք է լինեն Ղարաբաղն ու Ադրբեջանը, այսինքն`կոնֆլիկտի իրական կողմերը. սա է լինելու մեր պայմանը: Դա է փաստում նաեւ միջազգային փորձը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է այն հարցին` արդյոք ԼՂՀ-ի կողմից նոր դիրքերի ձեռքբերումը չեն ստիպի Ադրբեջանին համաձայնել հայկական կողմի առաջ քաշած պայմանների հետ, Խոսրով Հարությունյանը նկատեց, որ ռազմական գործողությունների այս փուլում որպես հարձակման ենթարկված կողմ` ԼՂՀ-ի խնդիրը այդ գործողությունները կասեցնելն էր:
«Իհարկե, բանակցային սեղանի շուրջ հաջողությունների ձեռքբերման ամենակարճ ճանապարհն է` ռազմական ճակատում ձեռք բերել այնպիսի հաջողություններ, որոնք հակառակորդին կստիպեն համաձայնել մեր կողմից առաջ քաշած պայմաններին, սակայն մինչ այժմ Արցախի ռազմական գործողությունները առաջնորդվել են հետեւյալ թեզով` մինիմալ կորուստներով արձանագրել առավելագույն արդյունք, այսինքն`կասեցնել դրանք, որը մենք կատարել ենք: Հիմա, եթե ռազմական գործողությունները շարունակվեն, ես ենթադրում եմ, որ պետք է նոր դիրքեր ձեռք բերել, որպեզի նման բան այլեւս չկրկնվի»,- ասաց նա:
Խոսրով Հարությունյանի խոսքով` խաղաղապահ զորքերի տեղակայումը հակամարտության կետում եւս չի կարող խնդրի լուծման տարբերակ լինել, քանի որ վաղ թե ուշ դրանք կարող են դառնալ պատուհաս` կողմերից գոնե մեկի համար:
«Նախ փաստենք, որ վերջին 20 տարիների ընթացում խաղաղապահ որեւէ զորք չկար այնտեղ կանգնած, այդուհանդերձ կողմերին հաջողվում էր բալանսը պահել: Հետեւաբար, շատ էական է ոչ այնքան խոսել խաղաղապահների մասին, որքան մտածել նախեւառաջ Ադրբեջանին չզինելու մասին:
Շատ կարեւոր է նաեւ, թե որ երկրները խաղաղապահի դերը կստանձնեն` Ռուսաստա՞նը, ԱՄՆ-ը՞, Թուրքիա՞ն, Իրա՞նը: Որտեղի՞ց երաշխիք, որ այդ խաղաղապահները վաղը մյուս օրը կողմերից մեկի գլխին պատուհաս չեն դառնա»,- նշեց Խոսրով Հարությունյանը:




























