ՉԺՀ-ի արտգործնախարար Վան Ին հայտնել է, որ Չինաստանը մտադիր է հետաքննություն անցկացնել «պանամական փաստաթղթերի» գլոբալ արտահոսքի վերաբերյալ, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին:

Բացի այդ, նախարարն անհիմն է անվանել մեղադրանքները Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Սի Ցզինպինի, նրա հարազատների հասցեին, որոնց անուններն առկա են պանամական  Mossack Fonseca ընկերության արխիվում:

Նախօրեին հաղորդվել էր, որ չինական խոշորագույն ինտերնետային որոնողական   Baidu ընկերությունը արդյունքներ չի տրամադրում panama papers («պանամական փաստաթղթեր») հարցմամբ որոնման դեպքում:

Մեկ տարի շարունակ «պանամական փաստաթղթերի» վրա աշխատել է Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը (ICIJ), Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցագործության հետազոտության կենտրոնը   (OCCRP) եւ մի քանի հարյուր լրագրող ամբողջ աշխարհի 107 ԶԼՄ-ից: Տեղեկատվությունը լրագրողների տրամադրության տակ հայտնվել է Mossack Fonseca իրավաբանական ընկերությունից արտահոսքի արդյունքում: