Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Սերբիային կոչ են արել Թուրքիայի տեղը զբաղեցնել ՌԴ-ի շինարարական շուկայում: Այդ մասին պատմել է Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Նրանք ինձ ասացին. ձեր ընկերությունները հնարավորինս շատ տարածք զբաղեցնելու կարիք ունեն այժմ, երբ շինարարական սեկտորից անհետացել է թուրքական ընկերությունների զգալի մասը», - ասել է նա:
Ինչպես ընդգծել է Վուչիչը, Սերբիայից ընկերությունների` ռուսաստանյան շուկայում հայտնվելու դժվարությունները հիմնականում ի հայտ են գալիս սերբական կողմից: Նրա խոսքով, Սերբիան հետաքրքրված է` զբաղեցնելու ՌԴ-ի շուկայի հնարավորինս մեծ մասնաբաժինը: «Այս տարի մենք մեծ առաջընթաց ենք ակնկալում, մեծ աճ եւ համագործակցության բարելավում», - ամփոփել է Վուչիչը, հայտնում է ՏԱՍՍ-ը:




























