Ավստրալիայի հայերը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիայի դեմ բողոքի ակցիա են անցկացրել Կանբերրայում այդ երկրի դեսպանության առջեւ:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ, ցուցարարները ցանկացել են նամակ փոխանցել, սակայն Ադրբեջանի դեսպանն այն չի ընդունել: Այդ ժամանակ Նիկոլ Դուման միության նախագահ Արամ Թուֆենկջյանը կարդացել է այն:

«Հարգելի դեսպան Ջամշիդով,

Մենք՝ Ավստրալիայի Հայ երիտասարդաց դաշնակցության անդամները, Ավստրալիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ միասին կանգնել ենք դեսպանության առջեւ, որպեսզի մեր ձայնը միացնենք վրդովմունքի ալիքին:

Ապրիլի 1-ից Ադրբեջանի կառավարության նախաձեռնած հարձակումներն աննախադեպ էին, դրանք սպառնալիք են Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնիշխանությանը, որոնք ինքնորոշման իրենց իրավունքն իրացրել են շուրջ 25 տարի առաջ:

Ուղղաթիռներից հարվածը, տանկերից արձակված կրակն ու անօդաչուների պայթյուններն արձանագրվել են տեխնիկայի այս դարաշրջանում: Դրանք վկայում են հայ խաղաղ բնակչությանը, տները, եկեղեցիները, դպրոցներն ու ձեռնարկությունները ոչնչացնելու ձեր փորձերի մասին:

Այդ փորձերի եւս մեկ վկայություն է մեր հայրենակի երեխայի սպանությունը: Ինչո՞ւ 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը պետք է մահանար դպրոցի ճանապարհին: Ինչո՞ւ պետք է նրա եղբայրն ու ընկերը վիրավորվեին:

Մենք չենք կարող սա ներել:

Մենք չենք կարող ներել նաեւ ռազմական այլ հանցագործությունները: Թալիշ գյուղում մեր երեք տարեց հայրենակիցները դաժանորեն սպանվեցին իրենց իսկ տներում:

Ավստրալացիները դրան վատ են վերաբերվում: Մենք դա չենք ներում:

Մենք պահանջում ենք, որպեսզի դուք անհապաղ դադարեցնեք այդ հարձակումները: Մենք պահանջում ենք, որպեսզի դուք ճանաչել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը:

Մենք երբեք չենք զիջի մեր հողերը: Մենք ուս ուսի կանգնած ենք ամբողջ աշխարհի հայերի կողքին՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի հանրապետության»: