Հանրագիրը, որ պահանջում է պատժել այն եվրոպական բանկերին, որոնք առնչություն ունեն «պանամական փաստաթղթերին» վերաբերող սկանդալային պատմության հետ, մոտավորապես 170 հազար ստորագրություն է հավաքել:
Հանրագրի նախաձեռնողը ֆրանսիացի եվրապատգամավոր Էվա Ժոլին է: Այն տեղադրված է Change.org ռեսուրսում:
Հանրագիրը, որը վերնագրված է « #PanamaPapers. ժամանակն է վերջ տալ գաղտնիքին, պատժենք բանկերին» պահանջում է, որ եվրոպական իշխանությունները դատական կարգով հետապնդեն բանկերին ու միջնորդներին, որոնք թույլ են տալիս քողարկել հաճախորդների ակտիվները օֆշորներում, փոխանցում է Le Monde–ը:
«Պանամական փաստաթղթերի» վրա մեկ տարի աշխատել են Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը (ICIJ), Կոռուպցիայի ու կազմակերպված հանցավորության հետազոտման կենտրոնը (OCCRP), ու մի քանի հարյուր լրագրողներ ամբողջ աշխարհից: Տեղեկությունները հայտնվել էին լրագրողների տրամադրության տակ՝ Mossack Fonseca իրավաբանական ֆիրմայից արտահոսքի արդյունքում:




























