Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտնել է, որ ինքը չի կարողացել ավելի լավ հաղթահարել քննադատությունը, որին ենթարկվել է օֆշորային սկանդալի հետ կապված փաստաթղթերի հրապարակումից հետո եւ հայտնել է, որ  «դրանից դասեր կքաղի», հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին:

«Այո, շաբաթն ամենալավը չէր: Ես գիտեմ, որ պիտի ավելի լավ հաղթահարեի դա եւ կարող եմ դա ավելի լավ հաղթահարել: Ես գիտեմ, որ ամեն ինչից պետք է դասեր քաղել եւ ես կքաղեմ այդ դասերը», — Լոնդոնում Պահպանողական կուսակցության անդամների հետ հանդիպմանը Քեմերոնն այսպես է մեկնաբանել «պանամագեյթից» հետո իրեն ուղղված քննադատությունը:   

Ավելի վաղ Դեւիդ Քեմերոնը խոստովանել էր, որ հոր օֆշորային հիմնադրամում մոտավորապես  30 հազար ֆունտի բաժնետոմսեր է ունեցել, մինչեւ վարչապետի պաշտոնում նշանակվելը: 

Դեւիդ Քեմերոնը հանրային ճնշման տակ է հայտնվել այն բանից հետո, երբ կիրակի` ապրիլի 3-ին OCCRP-ը լայնածավալ հետազոտություն է հրապարակել օֆշորային գործարքներին քաղաքական գործիչների, մարզիկների եւ մշակույթի գործիչների մասնակցության վերաբերյալ:  Քեմերոնի հայրը «պանամագեյթի» մասնակիցների թվում է: