ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի մեջ չի մտել հետաքննել, թե ով է սկսել առաջինը եւ ով է պատասխանատու: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը՝ անդրադառնալով ապրիլի 2-ին ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցած ռազմական գործողություններին: (ֆոտոռեպորտաժ)
«Մեր հիմնական խնդիրն էր՝ օգնել կողմերին կայունացնել իրավիճակը, նաեւ հասնել նրան, որ ռազմական գործողությունները չկրկնվեն: Մեր մանդատի մեջ չկար որոշել, թե ով է առաջինն սկսվել, ով է պատասխանատու տեղի ունեցածի համար:
Մեր հանդիպումներից ընդհանուր եզրակացությունն այն է, որ կողմերը մտադիր են, կամ առնվազն նրանք պատրաստակամություն են դրսեւորում պահպանել Մոսկվայում ձեռք բերված հրադադարը:
Սկզբունքորեն մենք խոսել ենք այն մասին, թե ինչ է պետք անել խաղաղությունը պահպանելու համար: Բնականաբար, հիմնական խնդիրը կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելն է: Սկզբունքորեն կա ըմբռնում, որ պետք է վերադառնալ քաղաքական քննարկումներին»,-նշել է Պոպովը:
Նրա խոսքով, իրենք քննարկել են նաեւ կողմերի միջեւ վստահության վերականգնման վերադառնալու հարցերը: «Մենք այդ հարցերը կքննարկենք կողմերի մայրաքաղաքներում, հետո նորից կհանդիպենք մոտ մեկ շաբաթից: Մենք սպասում ենք, որ երբ անհրաժեշտ լինի՝ նորից վերադառնալ տարածաշրջան»,-ասաց նա՝ հավելելով, որ կարեւոր հարցերից, որոնք պետք է լուծել հենց հիմա, մահացածների մարմինները վերադարձնելն է: «Դրանով հիմա զբաղվում է ԿԽՄԿ-ն, կողմերը, իսկ համակարգմամբ զբաղվում է դեսպան Անջեյ Կասպրշիկի խումբը»,-ասել է ռուսաստանցի համանախագահը:
Նա նաեւ իր ցավակցություններն է հայտնել վերջին ռազմական գործողությունների ժամանակ բոլոր մահացածների հարազատներին ու մտերիմներին:



































