Կիսատ պռատ անգլերենով տեքստային հաղորդագրությունը, որը աֆղան տղան Անգլիայից ԱՄՆ էր ուղարկել, օգնել է փրկել բեռնատար մեքենայում փակված տասնհինգ միգրանտների կյանքը, հայտնել է Associated Press–ը:
Կամավորական Լիզ Քլեգգը Նյու Յորքում գիտաժողովի ժամանակ հետեւյալ բովանդակությամբ կարճ հաղորդագրություն է ստացել «I ned halp darivar no stap car no oksijan in the car no signal iam in the cantenar. Iam no jokan valla» ( «Ինձ օգնություն է պետք, վարորդը չի կանգնեցնում մեքենան: Մեքենայում թթվածին չկա: Ազդանշան չկա: Ես կոնտեյներում եմ: Ես չեմ կատակում, երդվում եմ»):
Նշում են, որ յոթամյա Ահմեդը, որն ուղարկել էր այս հաղորդագրությունը, Քլեգգից բջջային հեռախոս էր ստացել Կալեի միգրանտների ճամբարում, որտեղ նա երեխաներին հարյուրավոր բջջային հեռախոսներ էր բաժանել՝ իր հեռախոսահամարով,նշելով, որ ճգնաժամային իրադրության մեջ հայտնվելու դեպքում կարող են դրանով կապվել իր հետ:
Քլեգգը կապվել է Բրիտանիայում իր գործընկերոջ հետ, որն էլ տեղեկացրել է ոստիկանությանը: Իրավապահ մարմինները միգրանտներին տեղափոխող բեռնատարը հայտնաբերել են Լեսթերշիրում: Նրանց ձերբակալել են՝ Մեծ Բրիտանիայում ապօրինի ճանապարհով հայտնվելու կասկածանքով: Մարդկանց կյանքին վտանգ չի սպառնում:




























