Դոնալդ Տուսկի կառավարության հաշվետվությունը Սմոլենսկի մերձակայքում տեղի ունեցած ավիաաղետի մասին, որի հետեւանքով 2010 թվականին զոհվել է նաեւ Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին, կեղծվել է: Այս մասին TVP-ի եթերում հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մացերեւիչը:

«Տուսկն ամբողջությամբ վերահսկել է ոչ միայն հետաքննության ընթացքը, այլեւ պետական յուրաքանչյուր համակարգի որոշումը»,- հայտարարել է նախարարը՝ հավելելով, որ հաշվետվությունը կեղծվել է, ինչը պետք է հետեւանքներ ունենա: 

Ըստ Lenta-ի, փետրվարի 4-ին Մացերեւիչը պաշտոնապես հայտարարել էր ավիաաղետի հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովի աշխատանքը վերսկսելու մասին: Նախարարը նախկինում բազմիցս էր քննադատել հանձնաժողովի եզրափակիչ հաշվետվությունը, որի համաձայն, աղետի պատճառը, մասնավորապես, օդաչուների սխալն է:

Նախագահական Տու-154Մ օդանավը Սմոլենսկի մերձակայքում ընկել էր 2010 թվականի ապրիլի 10-ին: Աղետի հետեւանքով 96 մարդ էր զոհվել, այդ թվում երկրի ղեկավարը՝ կնոջ հետ: Միջպետական ավիացիոն հանձնաժողովը որպես ավիաաղետի պատճառ էր նշել օդաչուների սխալը:

Լեհական կողմը սեփական հետաքննություն անցկացրեց՝ տեղի ունեցածի համար մեղավոր համարելով նաեւ ռուս կարգավարներին: Ռուսաստանի Քննչական կոմիտեն հերքեց Վարշավայի մեղադրանքները: