Ապրիլի 2-5-ը ժամանակահատվածում կատարված իրադարձությունների մասին նյութերի ու ապացույցների հավաքը պետք է երեք ուղղություններով լինի՝ որ եղել է ագրեսիայի ակտ Ադրբեջանի կողմից, որ եղել են ռազմական հանցագործություններ, այդ թվում ՄՀԻ խախտումներ, որ եղել են մարդու իրավունքների զանգվածային խախտումներ: Այս մասին ապրիլի 13-ին հայտնել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով, հետագա գործողություններով հնարավոր են դիմումներ ՄԱԿ-ին եւ ՄԻԵԴ-ին: «Կարծում եմ, որ պետք է ներկայացվեն հարյուրավոր անհատական հայցեր»,- նշել է պատգամավորը:
Միեւնույն ժամանակ նա հիշեցրել է, որ Հայաաստանն ու Ադրբեջանը չեն վավերացրել Հռոմեական ստատուտը, որը բարդություններ է ստեղծում քրեական դատավարություն նախաձեռնելու հարցում:
«Սակայն կան համապատասխան մեխանիզմներ: Մասնավորապես Հայաստանը կարող է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, դա ճիշտ քայլ կլինի»,- նշել է պատգամավորը՝ հավելելով, որ անհրաժեշտ է նաեւ քայլեր ձեռնարկել ռասսայական անհանդուրժողականության արգելքի մասին հռչակագրի շրջանակներում:
Պատգամավորը հիշեցրել է, որ համապատասխան դիմում արդեն ներկայացվել է Ռամիլ Սաֆարովի գործով: «Կարելի է շարունակել այն»,- նշել է պատգամավորը: Ընդ որում նա շեշտել է, որ կատարված հանցագործությունները վկայում են Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների վերաբերմունքի մասին:
Պատգամավորը նշել է միջազգային կազմակերպությունների մասնակցությունը ակտիվացնելու կարեւորությունը: Նրա խոսքով միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է հանդես գան զեկույցներով: Նաեւ անհրաժեշտ է գործի դնել իրավական մեմորանդումների ինստիտուտը:




























