Ընտրական օրենսգրքի նախագծի առաջին տարբերակը հայտնի է, բայց դրանից հետո կատարվել է հսկայական աշխատանք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին, Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ Ժողովրդավարության Ազգային Պլատֆորմի կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարել է օրինագծի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի անդամ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ ներկայացնելով, թե այն մոդելը, որը պատրաստվում են ներկայացնել ԱԺ:

«Նախ, առաջիկա օրերին ԱԺ ներկայացվող ԸՕ նախագծով, իշխանությունն առաջարկում է հրաժարվել քվեաթերթիկները եւ ծրարները հատուկ հաշվառման փաստաթուղթ համարելուց: Սա ամենակարեւոր պահերից մեկն է, որովհետեւ բազմաթիվ կարծիքներ էին շրջանառվում, լուրեր, ասեկոսեներ, թե տպված են բազմաթիվ կեղծ քվեաթերթիկներ, մեկ քվեաթերթիկների խուրձը հայտնվում էր մեկ այլ հանձնաժողովում, հնարավոր չէր պարզել՝ որտեղից այն անհետացավ եւ այլն: Այդ բոլոր գործընթացները մենք որոշեցինք պարզեցնել: Մենք որոշեցինք հրաժարվել նաեւ գունավոր քվեաթերթիկներից եւս, համարելով, որ դա ամենաուժեղ լուծումը չէ»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ իրենք առաջարկում են փոխել ծրարները, որոնց անկյուններից մեկը կտրված է լինելու: «Երկրորդ կարեւոր փոփոխությունը, մենք մտցնում ենք հատուկ հաշվառման փաստաթուղթ, այսպես կոչված ինքնասոսնձվող դրոշմանիշներ, որոնք յուրաքանչյուր տեղամասի համար սպեցիֆիկ են եւ պաշտպանված: Ասենք՝ դրոշմանիշի վրա գրված է լինելու «ԱԺ 2017» եւ ընտրատեղամասի համարը»,-ընդգծել Հարությունյանը:

Ներկայացնելով քվեարկության բուն գործընթացը, նա տեղեկացրեց, որ առաջարկվող նախագծով, քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամը պետք է վերցնի քաղաքացու քվեարկության կտրոնը եւ դրա դիմաց փակցնի ինքնասոսնձվող դրոշմանիշը բուն քվեաթերթիկի վրա:

«Եթե քվեաթերթիկի վրա չկա դրոշմանիշ, այդ քվեաթերթիկը ոչինչ է, սովորական թուղթ: Վավեր քվեաթերթիկը պետք է ունենա դրոշմանիշ: Կարեւորն այն է, որ քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամը, որն ստացել է ասենք՝ 100 դրոշմանիշ, օրվա վերջում պետք է կամ 100 հատ դրոշմանիշ վերադարձնի կամ մասնակցի քվեարկության մասնակցի կտրոն կամ երկուսը միասին: Բայց պարտադիր պետք է 100 հատ ներկայացնի: Եթե նա 100 հատ չկարողացավ ներկայացնել, ապա մենք օրենքով ամրագրում ենք, որ օրենքի ուժով համապատասխան արձանագրություն պետք է կազմվի եւ ուղարկի իրավապահ մարմիններ: Ի դեպ, նույնը վերաբերում է հանձնաժողովի նախագահին, որն ի սկզբանե ստանում է այդ տեղամասի համար նախատեսված քանակի դրոշմանիշները»,-ասաց պաշտոնյան ու հավելեց. «Եթե նա ստանում է 1000 հատ, ապա պետք է ցույց տա, թե քանի հատ կտրոն ունի դրա դիմաց եւ քանի հատ դրոշմանիշ ու դրանց ընդհանուր թիվը դարձյալ պետք է լինի 1000: Եթե կորցնում է կամ թիվը չի համապատասխանում նախնական թվին, ապա գործն ուղարկվում է իրավապահ մարմիններին»:

Ինչ վերաբերում է կտրոններին, ապա Դավիթ Հարությունյանի փոխանցմամբ, քվեարկության մասնակցին էլեկտրոնային համակարգով գրանցման դեպքում կտրոն տրվելու է այն դեպքում, երբ քաղաքացին առաջին անգամ է մուտք գործում ընտրատեղամաս եւ երբ նրա անունը գրանցված է ընտրողների ցուցակում: «Կտրոնները ձեռքով չեն լրացվում այլ տպվում են սարքի միջոցով: Հենց սրանք են այն երկու կարեւորագույն նորամուծությունները, որոնք, վստահ ենք, կմտցնեն էական փոփոխություն՝ հնարավորություն ընձեռելով վերահսկել ողջ գործընթացը», -նկատեց Հարությունյանը:

Նշենք, որ քննարկմանը ներկա էին նաեւ ԸՕ նախագծի շուրջ 4+4+4 ձեւաչափով քննարկումների մասնակիցները՝ քաղհասարակությունից փաստաբան Տիգրան Եգորյանը եւ ընդդիմությունից ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: