Սերբիայի ոստիկանությունը կոռուպցիայի եւ ծառայողական դիրքը չարաշահելու կասկածով 49 մարդ է ձերբակալել, հայտնում է    Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին:

Ձերբակալվածների մեջ պաշտոնյաներ եւ պետական ձեռնարկությունների ներկայացուցիչներ կան, այդ թվում նաեւ` ֆինանսների նախարարությունից, հարկային տեսչությունից, փոստային ծառայությունից եւ ոստիկանությունից: Այդ մասին հայտնել է ներքին գործերի նախարար Նեբոյշա Ստեֆանովիչը: 

Նշվում է, որ եւս երկու կասկածյալ ազատության մեջ է:  2007-ից ի վեր, կաշառակերների գործունեությունը երկրի բյուջեին  մոտ  7,6 մլն եվրո է արժեցել:

Սա այս տարվա ընթացքում երկրորդ խոշոր ձերբակալությունն է: Մարտին ոստիկանությունը համանման գործով  46 մարդ էր ձերբակալել:

Ձերբակալությունները մաս են կազմում այն միջոցառումների, որ իրականացնում է Սերբիան կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի նպատակով: Սա Եվրամիությանն անդամակցության պայմաններից մեկն է: