Քառօրյա պատերազմի առաջին իսկ օրերից երկրապահների ու կամավորների ճակատ մեկնումը երկու կարեւոր խնդիր լուծեց` նախ դիրքերը խտացան, երկրորդը` դա հոգեբանական լուրջ աջակցություն դարձավ հայ զինվորի համար: Այս մասին այսօր` ապրիլի 18-ին, ասուլիսի ժամանակ ասաց ԵԿՄ վարչության անդամ, գրականագետ Վարդան Դեւրիկյանը:
«Դուք գիտեք, որ դիրքեր բարձրանում է 6 ամսից ավելի ծառայած զինվորը, եթե մեր կամավորները եւ երկրապահները չմեկնեին, շատ հնարավոր է, որ դիրքեր բարձրանային 3 ամիս առաջ բանակ զորակոչվածները: Մինչդեռ այդ օրերին զինվորն առաջին հարվածն իր վրա էր կրում եւ կարեւոր էր փորձառու մարդկանցով դիրքերը համալրելը, որովհետեւ մարտական գործողությունների ժամանակ շատ ավելի մարդկային կենդանի ուժ է պետք»,- նշեց Դեւրիկյանը:
Նրա խոսքով` սա նաեւ հոգեբանական մեծ լիցք էր դեռեւս անփորձ զինծառայողների համար:
«Երբ ազատամարտիկները գալիս էին, նրանք ասում էին` հոպարներն եկան: Դիրքերում միջինացված տարիք ստեղծվեց. 40-60 տարեկանն աշխատում էր իրեն այնպես պահեր, որ իր տարիքային տարբերությունը չերեւար, ժամկետային զինծառայողն էլ աշխատում էր իրեն մեծի նման պահեր»,- նշեց Վարդան Դեւրիկյանը:
Դեւրիկյանի խոսքով` ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության եւ ադրբեջանական կողմի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների օրերին հայությունը բացառիկ համախմբվածություն դրսեւորեց, ինչի դրսեւորումն այն էր, որ մեծ թվով կամավորներ անմիջապես մեկնեցին ԼՂՀ:
«Բանից պարզվեց, շատ ավելի հեշտ է մարդկանց զոռով հավաքելը, քան կամավոր եկածներին ասելը` դու հիմա մի գնա: Մարդիկ խորապես ազդվում էին, վիրավորվում էին: Այդ օրերին զինվորականներին երկու բան է ցնցել, նախ` որ առաջին օրվա հզոր հարվածից հետո ոչ մի ժամկետային զինծառայող չի փախել, դասալքության փաստ չի արձանագրվել, երկրորդը` որ կամավորները եկան, նրանցից ոչ մեկը չասաց` «տղուս փոխարեն կանգեմ», բոլորն ասում էին`« տղուս կողքին կանգնեմ-կռվեմ»,- նշեց Վարդան Դեւրիկյանը:





























