Բելառուսը կմիանա ՀԱՊԿ օպերատիվ հակազդման կոլեկտիվ ուժերին (ՕՀԿՈՒ)։ Այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Բացի այդ, ըստ բելառուս առաջնորդի, Մինսկը կստանձնի ՀԱՊԿ նախագահությունը։
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ նախօրեին Սոչիում տեղի ունեցած հանդիպումից հետո Լուկաշենկոն հայտարարել է. «Այժմ շատ են խոսում այն մասին, որ իբր Բելառուսը Ուզբեկստանի հետ միասին դեմ է այդ կոլեկտիվ ուժերին։ Ես հիշեցրի Ռուսաստանի նախագահին, որ մեր փորձագետները ակտիվորեն քննարկել են Օպերատիվ հակազդման կոլեկտիվ ուժերին առնչվող հարցերը, և այդ պատճառով չընդունել այդ փաստաթուղթը Բելառուսում պարզապես չեն կարող։ Եվ երկրորդը, չէ որ այն շրջանակային է, մենք այստեղ վախենալու բան բացարձակապես չունենք»։ Լուկաշենկոն հայտնել է նաև, որ Մինսկը պատրաստ է իր վրա վերցնել ՀԱՊԿ-ի նախագահությունը։ «Ինչո՞ւ հրաժարվել, եթե քեզ առաջարկում են այդ պատվավոր առաքելությունը։ Կես տարի մենք չենք աշխատել որպես նախագահ, այդ պատճառով որոշել ենք ստանձնել նախագահության պարտականությունը նաև հաջորդ ժամկետի համար»,- ասել է Լուկաշենկոն։
Հիշեցնենք, որ հունիսին Լուկաշենկոն չէր ժամանել Մոսկվայում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Գագաթնաժողովին Բելառուսի նախագահի բացակայությունը հանգեցրեց այն բանին, որ բելառուսական կողմը չստորագրեց ՀԱՊԿ Օպերատիվ հակազդման կոլեկտիվ ուժերի ստեղծման մասին համաձայնագիրը։ Հուլիսին նույնպես Լուկաշենկոն չժամանեց ՀԱՊԿ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը։ 2009 թվականի սկզբից երկու պետությունների հարաբերություններում ծագել էին խնդիրներ, որոնք կապված էին նաև Բելառուսից կաթնամթերքի Ռուսաստան ներմուծման, ինչպես նաև էներգահամագործակցության ոլորտի հետ։




























