Մյունխենի շրջանի երկաթգծային կայարանում անհայտ անձը դանակով վիրավորել է հինգ մարդու, «ՌԻԱ Նովոստիին» այս մասին հայտնել է Վերին Բավարիայի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Միխայելա Գրոբը:

«Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը հինգից որոշ ժամանակ առաջ: Կասկածյալը դանակով հարձակվել է մարդկանց վրա: Վիրավորվել է հինգ մարդ՝ ընդ որում մեկի վիճակը ծանր է, նրա կյանքին վտանգ է սպառնում: Կասկածյալին ձերբակալել են: Անձը դեռ չեն պարզել»,- ասել է Գրոբը:

Ոստիկանության ներկայացուցչի խոսքով, քրեական ոստիկանությունը հետաքննում է այս դեպքը:

Գրոբը հրաժարվել է պատասխանել այն հարցին՝ արդյոք իրականությանը համապատասխանում են լրատվամիջոցների այն հաղորդագրությունները, որ հարձակվածը բղավել է «Ալլահ ակբար»:

Իսկ Մյունխենի գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Քեն Հայդենրայխը հայտնել է, որ կասկածյալը «Ալլահ Ակբար» է բղավել: «Մենք դեռ չգիտենք՝ նա կրոնական ծայրահեղական է, թե ոչ: Բայց այս պահին հավաքված տվյալներով՝ նա բղավել է այդ բառերը»,- ասել է նա: