Վենետիկում ոստիկանները փրկել են զբոսաշրջիկ կնոջը, որը գոնդոլից նետվել էր Մեծ ջրանցքը` իր սմարթֆոնի հետեւից: Աղջիկը սելֆի էր անում եւ պատահաբար ձեռքից գցել էր հեռախոսը: Այնուհետեւ նա հանվել էր եւ սուզվել, սակայն սարքը հատակից հանելու ջանքերը հաջողությամբ չէին պսակվել: Ի վերջո, նա լողացել էր դեպի ափը, որտեղ նրան էին սպասում ոստիկանները: 

Ականատեսների նկարահանած տեսանյութն իտալական սոցցանցերում հիթ է դարձել, որովհետեւ տեղի բնակիչները երբեք չեն լողում ջրանցքներում. այնտեղ ջուրը Եվրոպայում ամենակեղտոտն է համարվում: Այնտեղ են հոսում չմաքրված կեղտաջրերը տներից եւ փողոցներից. փորձագետների գնահատականով, քաղաքի ջրանցքներ է ուղղվում մարդու կենսագործունեության  մնացորդների 90 տոկոսը: Վերջին երկու տարում ջրի հետազոտությունը ցույց է տվել նրանում մարդու համար վտանգավոր բազմաթիվ վիրուսների առկայություն, այդ թվում` հեպատիտ  А-ի, գրում է Lenta-ն` վկայակոչելով  Daily Mail-ին: