Նավթի ֆյուչերսների գների կտրուկ աճը սենսացիայի է նման: Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի ամիս առաջ բազմաթիվ փորձագետներ նավթի գների անկում էին կանխատեսում՝ ընդհուպ մինչեւ մեկ բարելը 10 դոլարի չափով: Նկատենք, որ նույնիսկ այդպիսի գնի պարագայում նավթ արդյունահանող բազմաթիվ ընկերություններ չէին սնանկանա: Սակայն վնաս կկրեին պետությունների բյուջեները, որոնցում նավթի արդյունահանումից ստացված եկամուտների մասնաբաժինը համեմատաբար բարձր է:
Կարելի է ներկայացնել Վենեսուելայի օրինակը, որտեղ նավթից ստացված եկամուտները թույլ տվեցին պոպուլիստական սոցիալական քաղաքականություն վարել: Ասենք՝ բենզինի գինն այստեղ ամենացածրն էր աշխարհում. ընդամենը 75 ցենտ՝ 50 լիտրի համար: Իհարկե, բենզինի ինքնարժեքը շատ ավելի բարձր էր: Բայց պետությունը սուբսիդավորում էր վառելիքի գինը՝ միայն այդ նպատակով տարեկան միլիարդավոր նավթադոլարներ վատնելով:
Արդյունքում այդ քաղաքականությունը չկարողացավ դիմակայել նավթի համաշխարհային գների անկմանը, եւ երկրի տնտեսությունը ծանր ճգնաժամի մեջ հայտնվեց: Բայց Հայաստանի քաղաքացիներին, բնականաբար, ավելի շատ հետաքրքրում է մեր հյուսիսային հարեւանի՝ Ռուսաստանի տնտեսության վիճակը:
Ռուսաստանի համար նախաճգնաժամային՝ 2011 թվականի տվյալներով, դաշնային բյուջեում նավթագազային եկամուտների մասնաբաժինը հասնում էր 54%-ի: Այս բարձր ցուցանիշը կապված էր ոչ միայն այս էներգակիրների հումքի արդյունահանման ծավալների հետ, այլեւ այդ ոլորտում բարձր հարկերի եւ սակագների:
Ի դեպ, դա է պատճառը, որ ռուսական բենզինի եւ դիզվառելիքի գներն անհամաչափորեն բարձր են, ինչպես նաեւ չեն նվազում՝ չնայած նավթի գների անկմանը: Բենզինի մանրածախ գներում նավթի մասնաբաժինը ներկայում կազմում է շուրջ 10%-ը, իսկ հարկերի մասնաբաժինը՝ շուրջ 65%: Հարկերի գործոնը թելադրում է ռուսական բենզինի եւ դիզվառելիքի համեմատաբար բարձր գին: Այլ հարց է Ռուսաստանում արտարժույթի փոխարժեքը:
Ավելի վաղ նշվում էր, որ Ռուսաստանից Հայաստան «դոլարային» դրամական փոխանցումների անկումը հիմնականում կապված է դոլարի հանդեպ ռուբլու թուլացման հետ: Չի բացառվում, որ նավթի գների բարձրացման ֆոնին ռուսական ռուբլու ամրապնդումը կարող է բարելավել դրամական փոխանցումների հետ կապված իրադրությունը:
Վերջին երկու ամիսներին նավթի Brent տեսակի գինը (որին կապված է ռուսական Urals-ի գինը) ավելացել է շուրջ 1.2 անգամ: Նույն ժամանակահատվածում ռուբլին դոլարի նկատմամբ դիրքերն ամրապնդել է 1.1 անգամ: Բայց ներկա պայմաններում ռուբլու չափազանց ամրապնդումը կարող է բացասական հետեւանքներ ունենալ Ռուսաստանի համար: Այդ պատճառով ռուսական արժույթի դիրքերի՝ նախկին չափով վերականգնման հնարավորությունները գրեթե զրոյական են:




























