Հնդկաստանի հյուսիսում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը հասել է 50.5 –ի ըստ Ցելսիուսի, հինգ նահանգներում հայտարարվել է արտակարգ դրություն: Այս մասին հայտնում է երկրի օդերեւութաբանական ծառայությունը: Վերջին տվյալներով, մայիսի 18-ին Պխալոդի քաղաքում գրանցվել է 50.5 աստիճան տաքություն, ինչը ընդամենը 0.1 աստիճանով է ցածր Հնդկաստանում օդերեւութաբանական դիտարկումների պատմության ընթացքում գրանցված ամենաբարձր ջերմաստիճանից:

Ծառայության տնօրեն Բրախմա Փրաքաշ Յադավը հայտնել է, որ առաջիկա օրերին ջերմաստիճանը Հյուսիսային, Արեւմտյան ու Կենտրոնական Հնդկաստանում շարունակելու է աճել:

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ջերմաստիճանն արդեն գերազանցել է 47 աստիճանը, ինչի հետեւանքով էլեկտրաէներեգիայի պահանջարկն աճել է՝ հասնելով վերջին տարիներին ամենաբարձր մակարդակին, ինչի պատճառով ամբողջական շրջաններ հոսանքազրկվում են: Բնակչությունը ձգտում է տանից դուրս չգալ:

Դժվար իրավիճակ է ստեղծվել նաեւ Ինդիրիա Գանդիի անվան միջազգային օդանավակայանում, որի թռիչքուղիները ցերեկվա ժամերին շիկանում են մինչեւ 50 եւ ավելի աստիճան: Դրա հետեւանքով ծածկույթը փափկում է ու բարդացնում խոշոր օդանավերի վայրէջքը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Շոգն ավելի է սաստկանում անձրեւների բացակայությունից: Խմելու ջրի պակասից տուժում է 265 օկրուգներ, որտեղ ապրում է ավելի քան 330 մլն մարդ: Օդիշյե, Տելանգան ու Անդխրա Փրադեշ հարավային նահանգներում վերջին երկու շաբաթվա ընթացքում շոգի հետեւանքով 500-700 մարդ է մահացել:

Փորձագետները Հնդկաստանում այս աննախադեպ շոգը բացատրում են տեղական անոմալիաներով, նաեւ Էլ Նինյո բնական երեւույթի ուժգնացող ազդեցությամբ: