Կենտրոնաասիական տարածաշրջանում տարածաշրջանային ինտեգրացիան զարգացման պահուստներ ունի: Այդ մասին մայիսի 24-ին Աստանայում ընթացած ԱՄՀ-ի տարածաշրջանային համաժողովն ամփոփող մամուլի ասուլիսի   ընթացքում հայտնել է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը: 

«Ես կարող եմ անմիջապես եզրակացնել, որ կարելի է դեռեւս շատ բան անել տարածաշրջանային ինտեգրացիայի եւ առեւտրի զարգացման ճանապարհին: Այն, ինչ մենք այժմ տեսնում ենք տարածաշրջանում, առայժմ սահմանափակ է եւ երկրները կարող են էլ ավելի օգնել իրար, աջակցել իրար», – հայտնել է Լագարդը:

Նա նշել է, որ տարածաշրջանում բոլոր երկրները փոխկապված են: «Նրանք տարբեր են, բայց նրանցից ոմանք էական կախվածություն ունեն արտասահմանից դրամական փոխանցումներից, որոշներն էլ մեծապես կախված են բորսային հումքային ապրանքների գներից, բայց այդ բոլոր երկրները կախված են իրարից: Մենք կշարունակենք այն աշխատանքը, որ կատարում ենք այդ երկրներում եւ կխորացնենք համագործակցությունը», – ընդգծել է ԱՄՀ-ի ղեկավարը:

Միջոցառումը կազմակերպվել էր Ղազախստանի վարչապետի քարտուղարության, Ղազախստանի Հանրապետության Կենտրոնական բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից:  Համաժողովին մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի,  Զարգացման եվրասիական բանկի ներկայացուցիչները: Միջոցառման շրջանակում կլոր սեղանի շուրջ հանդիպել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ), Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի երկրների ֆինանսների նախարարները:   

Որպես միջոցառման համակարգող, հանդես է եկել Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն-կարգադրիչ Քրիստին Լագարդը: 

Համաժողովի մասնակիցները քննարկել են տարածաշրջանում ընթացիկ տնտեսական պայմանները եւ քաղաքականության պատասխան միջոցները կարճաժամկետ ցնցումների հաղթահարման, միջնաժամկետ հեռանկարում կայուն, բազմաձեւ, համընդգրկուն աճին նպաստելու համար, ինչպես նաեւ ԱՄՀ-ի կողմից տարածաշրջանին հնարավոր աջակցության հնարավոր միջոցները: