ԱՄՆ-ը հոկտեմբերի 1-ին առաջին անգամ հասկացնել տվեց, որ Nabucco-ն իր համար բոլոր խողովակաշարային նախագծերի մեջ ամենանախընտրելին է, գրում է թուրքական Hurriyet Daily News and Economic Review թերթը:

«Մենք հասկացնել տվեցինք, որ աջակցում ենք «Հարավային միջանցք» նախագծին: Նաեւ հասկացնել տվեցինք, որ  Nabucco խողովակաշարը ամենանախընտրելին է ռազմավարական եւ քաղաքական առումներով: Դժվար կլինի պատասխանել հարցին, թե արդյոք, այդ նախագծերը կլրացնե՞ն, թե կմրցակցեն միմյանց հետ, քանի որ երկու դեպքում էլ գործ ունենք Կասպից ծովից եկող գազի հետ»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի եվրասիական էներգետիկ հարցերով հատուկ բանագնաց Ռիչարդ Մորնինգսթարը` Ստամբուլում լրագրողների հետ զրույցում:

ԱՄՆ-ը Nabucco-ի ակտիվ կողմնակիցն է եղել, որը նախատեսվում է գազը Թուրքիայի տարածքով հասցնել Ավստրիա եւ որը տարեկան 31 մլրդ խմ գազ կառաքի Եվրոպա: «Ինձ համար Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագիծը երազի նման էր: Հիմա էլ Nabucco-ն է երազ: Շատ երկրներ են մասնակցում այդ նախագծին»,- ասել է Մորնինգսթարը:

Նա հերքել է կարծիքը, թե հակադրություն կա Թուրքիայի կառավարությունում Nabucco-ին եւ «Հարավային հոսք»-ին մասնակցության առումով: Մորնինգսթարը նաեւ հավելել է, որ ԱՄՆ-ը չի անհանգստանում Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ էներգետիկ ոլորտում ակտիվացող համագործակցությունից:

Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանը, ԼՂ հակամարտության առկայության պատճառով, դուրս է մնացել տարածաշրջանային էներգետիկ ծրագրերից, ամերիկացի դիվանագետն ասել է. «Ես ջերմ զգացումներ ունեմ Հայաստանի նկատմամբ: Ամոթ է, որ Հայաստանը մաս չի կազմում այդ նախագծերին: Եթե ինչ-որ եղանակով համաձայնություն կայանա, Հայաստանը կարող է տարածաշրջանի լիիրավ մաս դառնալ եւ դա բոլորի շահերից է բխում: Դա ժամանակ կպահանջի, բայց, ի վերջո, Հայաստանը ներկա կլինի բոլոր տարածաշրջանային էներգետիկ եւ տնտեսական նախագծերում»: