Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների առաջիկա հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի դեմ է ուղղված, դա Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի՝ Ռուսաստանի ակտիվացման արդյունք է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Սարգսյանը:

Պատգամավորն առաջիկա հանդիպումից որեւէ ակնկալիք չունի մի քանի պատճառոով: «Նախ՝ ապրիլյան իրադարձություններից հետո դժվար է անմիջապես արդյունքների հասնել: Երկրորդ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը՝ Ռուսաստանը, սկսեց ավելի ակտիվ աշխատել: Դա, կարելի է ասել, բնական է, քանի որ ի տարբերություն Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի՝ Ռուսաստանը Կովկասի նկատմամբ ավելի շատ հավակնություններ ունի: Այդ պատճառով էլ ակտիվացել է, բայց հանդիպում լուրջ հաջողություն չեմ ակնկալում»,- նշեց Արմեն Սարգսյանը:

Եվ եթե, ըստ պատգամավորի, սարքավորումներ տեղակայվեն, որոնք ցույց կտան, թե կողմերից ով է առաջինը կրակում, մեծ հաջողություն կլինի: Նա հիշեցրեց, որ այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահը՝ ակնարկելով, որ միայն դրանից հետո հնարավոր կլինի վերսկսել բանակցությունները:

«Բայց վերջին 23 տարիներին ադրբեջանական կողմը մի բան է ասում, մեկ այլ բան՝ անում. խոսում է բանակցությունների, խաղաղ ճանապարհով կարգավորման մասին, իսկ Բաքվում Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ նույնիսկ Երեւանն է ադրբեջանական հող: Այսինքն՝ նրանց մոտեցումը լուրջ չէ: Եվ հիմա Ադրբեջանը Ղարաբաղի հարցը կարգավորելու կամք չունի»,- հավելեց Արմեն Սարգսյանը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 20-ին Պետերբուրգում Ղարաբաղի հարցով առանձին հանդիպումներ կանցկացնի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ, որոնց կհետեւի եռակողմ հանդիպումը: