Ադրբեջանական մամուլում վերջին օրերին մի քանի հոդված էր հայտնվել, որոնցում Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Իսմայիլ Ախունդովը անհետ կորածների նոր թվեր է ներկայացրել եւ հերթական մեղադրանքները  հնչեցրել հայկական կողմի հասցեին։ Այս կապակցությամբ NEWS.am–ի թղթակիցը դիմել է Հայաստանի գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանին՝ խնդրելով մեկնաբանել ադրբեջանական կողմի ներկայացուցչի հայտարարությունը։

ԱՊԱ–ին տված հարցազրույցում Իսմայիլ Ախունդովը պնդում է, որ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիների ցուցակների հետ խնդիրներ չեն եղել։ Եվ խնդիրները, ընդհակառակը, հայկական կողմի ցուցակներում են։ Որքանո՞վ են այդ հայտարարությունները համապատասխանում իրականությանը։

Սկսեմ նրանից, որ Ադրբեջանի Հանրապետության անհետ կորած քաղաքացիների ցուցակների ճշգրտումը եւ պաշտոնական տվյալների հրապարակումը հենց ադրբեջանական կողմի առանձնաշնորհն է։ Նվազեցնում են նրանք այդ թվերը, թե հակառակն, աճեցնում, ինչպես ասում են, նրանց խնդիրն է։ Ինչ վերաբերում է «կորուստները կոծկելու մեջ» ադրբեջանական կողմին իմ կողմից իբր թե ներկայացրած մեղադրանքին, ապա կասկածներ ունեմ, որ ադրբեջանցի լրագրողը կամ ամբողջովին չի հասկացել իմ ուղերձը կամ դիտավորյալ աղավաղել իմ ասածը։ Ես ընդամենը արձանագրել եմ փաստը, որ Ադրբեջանի պաշտոնատար անձինք  եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները տարբեր տարիներին տարբեր առիթներով տարբեր թվեր են ներկայացրել: Ինքնե՛րդ դատեք.

● 2007-ի փետրվարին Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի այն ժամանակվա ղեկավար Ֆիրուդդին Սադիքովը Day.az–ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարում է 4566 անհետ կորածի մասին։

● 2008-ի դեկտեմբերի 25-ին Պետական հանձնաժողովի պաշտոնական հաշվետվության մեջ հայտնվում է 4210 թիվը։

●2009-ի փետրվարին «Հեսրեթ Յոլու» կոչվող Գերիների եւ պատանդների աջակցության հասարակական միավորման նախագահ Էսմիրա Օրուջեւան հայտարարում է, որ անհետ կորած է համարվում «մոտ 5000 ադրբեջանցի»։

● Արդեն հիշատակված Ֆիրուդդին Սադիքովը 2011-ի փետրվարի 23-ին ANS–ին տված հարցազրույցում հայտարարում է 4049 անհետ կորածի մասին։

● 2013-ի օգոստոսի 26-ին ԱՀ պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովը խոսում էր 4035 անհետ կորածի մասին։

● Արդեն 2015-ի հոկտեմբերին՝ ԿԽՄԿ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տարածաշրջանային տնօրեն պարոն Պատրիկ Վիալիի հետ հանդիպման ժամանակ, ԱՀ պետական հանձնաժողովի այն ժամանակվա նախագահ Էլդար Մահմուդովը հայտարարում է 4013 անհետ կորածի մասին։

● Եվ վերջապես ընթացիկ տարվա հունիսին Ադրբեջանի Հանրապետության Միլի Մեջլիսում պարոն Ախունդովը հայտարարում է 3803 գերու ու պատանդի մասին, եւ անհասկանալի է, թե քանի՞ անհետ կորածներից։

Պարոն Ախունդովը մեղմ ասած անկեղծ չի եղել հայերի ցուցակների հետ կապված մշտական խնդիրների եւ իդեալական վիճակում գտնվող ադրբեջանական ցուցակների մասին խոսելիս։ Եվ կարիք չկա դեմագոգություն անել եւ վկայակոչել հայկական մամուլի հրապարակումները, որոնց մասին հայտնի է միայն Ադրբեջանի պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարին (պարոն Ախունդովը հավանաբար նաեւ քաջատեղյակ է, որ հասարակ ադրբեջանցիների մոտ առաջանում են, այսպես ասենք, բավական լուրջ խնդիրներ հայկական մամուլի հրապարակումներին ծանոթանալիս)։ Ի գիտություն պարոն Ախունդովի՝  Հայաստանում համապատասխան ոլորտի պատասխանատուն բացառապես  Գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովն է, եւ ես չեմ հիշում որեւէ նախադեպ, երբ մենք տարբեր թվեր հրապարակած լինենք։ Բացի այդ, եւ միգուցե հենց դա էլ առաջ էր բերել պարոն Ախունդովի շփոթմունքը, Ադրբեջանի պետական հանձնաժողովի ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ անհետ կորած հայերի ցուցակը բաժանված է երկու դասի՝ հայաստանցի անհետ կորածներ եւ արցախցի անհետ կորածներ։

Պետք է նաեւ նշեմ, որ իմ հիշատակած ադրբեջանցի պաշտոնյաները վերոնշյալ հայտարարություններում բարձրաձայնում էին բացարձակ ֆանտաստիկ տվյալներ իբր Հայաստանում եւ Արցախում պահվող հարյուրավոր, անգամ հազարավոր գերիների մասին, որոնց թվում՝ նույնիսկ երեխաներ ու ծեր մարդիկ։ Եվ ի՞նչ եք կարծում, եթե մենք այդքան մարդու տարիներ շարունակ  գերի պահեինք, այդ թվում՝ Ադրբեջանի խաղաղ բնակիչների, մի՞թե այդ մասին ինչ–որ կերպ հայտնի չէր դառնա տարածաշրջանում գործող միջազգային կազմակերպություններին՝ ԿԽՄԿ–ին, ԵԱՀԿ–ին, ՄԱԿ–ին կամ ՀԿ–ներին։ Խոսքը խոտի դեզում կորած ասեղի մասին չէ։ Եզրակացություններն, ինչպես ասում են, ինքներդ արեք:

Այդ նույն հարցազրույցում Ադրբեջանի Հանրապետության Պետհանձնաժողովի ներկայացուցիչը պնդում է, որ երկու երկրների հանձնաժողովների միջեւ բազմիցս հանդիպումներ են կայացել: Այդպե՞ս է:

Եկեք հերթով: Թեկուզ այն տարիներին պարոն Ախունդովը չէր ղեկավարում Ադրբեջանի Հանրապետության Պետհանձնաժողովի աշխատանքային խումբը, այդուհանդերձ վստահ եմ, որ նա տեղյակ է, որ 2010-ից ի վեր հայկական կողմը փորձում է երրորդ երկրի տարածքում երկու Հանձնաժողովների միջեւ աշխատանքային հանդիպման հասնել, որի ժամանակ հնարավոր կլիներ քննարկել անհետ կորածների որոնման, գերեզմանատեղիների հայտնաբերման  խնդիրները, հետագա համագործակցության եւ համապատասխան տեղեկությունների փոխանակման հարցերը:

Բանակցությունները տարվել են ԿԽՄԿ միջնորդությամբ, բուն հանդիպումը, ըստ էության, նույպես պետք է կազմակերպվեր այդ կազմակերպության հովանու ներքո: Սակայն ի՞նչ ունեցանք մենք արդյունքում: Երկու տարի ադրբեջանական կողմը այդ հարցով համաձայնություն չէր տալիս, բայց ահա 2012-ին հանկարծ պատրաստակամություն է հայտնում քննարկել ենթադրյալ հանդիպման օրակարգը եւ դրա անցկացման վայրը: ԿԽՄԿ պատվիրակների հետ համատեղ մշակվել էին օրակարգային հարցերն, իսկ հայկական կողմը, պետք է նշեմ, որ երաշխիքներ էր տվել, որ պլանավորված հանդիպմանը մենք չենք բարձրացնի ոչ մի քաղաքական հարց, այսինքն՝ քննարկվելու են բացառապես աշխատանքային կետեր, որոնց նպատակը պետք է լիներ անհետ կորած մարդկանց ճակատագրերը պարզելն, այլ ոչ թե փոխադարձ մեղադրանքները կամ նեղ քաղաքական նպատակներ հետապնդելը: Եվ այդ բավականին բարդ ջանքերից հետո՝ 2013-ին, ադրբեջանական կողմը հայտարարում է, որ հետ է քաշվում ձեռք բերած համաձայնություններից եւ հրաժարվում հանդիպել Հայաստանի Պետական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ:

Ինչ վերաբերում է պարոն Ախունդովի նշած հանդիպումներին, որոնք «նշված ժամանակահատվածում» կայացել են «Մոսկվայում, Թբիլիսիում ու նույնիսկ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին», ապա առաջին հերթին պետք է հենց Ադրբեջանի Հանրապետության Պետհանձնաժողովի աշխատախմբի ղեկավարից ճշտել, թե հատկապես որ ժամանակաշրջանը նա նկատի ունի: Ես ղեկավարում եմ Հանձնաժողովի աշխատախումբը 2006-ի հունիսից ու վստահեցնում եմ, որ կողմերի վերջին պաշտոնական հանդիպումը տեղի է ունեցել 2006-ի սեպտեմբերին Բրյուսելում, երբ ԿԽՄԿ միջնորդությամբ հանդիպել են երկու հանձնաժողովների աշխատախմբերի ղեկավարներն՝ ես ու իմ կողմից հիշատակված պարոն Սադիքովը: Ոչ մի պաշտոնական հանդիպում ՀՀ ու ԱՀ Պետհանձնաժողովների ներկայացուցիչների միջեւ այլեւս չի եղել: Պարոն Ախունդովը պետք է ճշտի իր տրամադրության տակ եղած տեղեկությունն ու ամենակարեւորը՝ ժամանակագրությունը, որի մասին նա խոսում էր իր հարցազրույցում: Ակնհայտ է, մեղմ ասած, անհամապատասխանությունը վերջին տասը տարիների իրադարձությունների ու այն լղոզված տեղեկությունների միջեւ, որոնք հայտնել է ԱՀ Պետհանձնաժողովիի ներկայացուցիչը:

Իսմայիլ Ախունդովը նաեւ առաջարկել է ԼՂՀ դատարանի կողմից դատապարտված Ասկերովին եւ Գուլիեւին փոխանակել ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանի հետ: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

Այս կապակցությամբ արդեն հայտնի է պաշտոնաական Ստեփանակերտի դիրքորոշումը, ես միայն իմ մասնագիտական տեսակետը կհայտնեմ: Տվյալ անձինք դատապարտվել են ԼՂՀ-ում մի շարք ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների համար, որոնք նրանք կատարել են Արցախի, նկատի ունեցեք՝ ոչ թե Հայաստանի, այլ Արցախի՛ տարածքում: Այս համատեքստում առավել եւս տարօրինակ է հնչում պարոն Ախունդովի հայտարարությունը, որը չգիտես ինչու մեզ է հասցեագրված, այլ ոչ թե ԼՂՀ իշխանություններին: Դե իսկ երկրորդ կարեւոր բաղկացուցիչն այն է, որ տվյալ անձինք մեղավոր են ճանաչվել և դատապարտվել ազատազրկման համապատասխան դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշման հիման վրա, այդ իսկ պատճառով առհասարակ անհասկանալի է, թե այդ անձանց «ազատ արձակելու մասին» ինչ հարց էր մտադիր քննարկել ԱՀ Ռազմագերիների, պատանդների ու անհետ կորած քաղաքացիների հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչը: Որպես իրավաբան ես կարող եմ բացատրել, որ քրեական հետապնդման կամ պատիժ կրելու բոլոր հարցերն, այդ թվում միջպետական ու միջազգային մակարդակներում, կանոնակարգվում են քրեադատավարական իրավունքի նորմերով ու գտնվում են իրավական կառույցների՝ դատախազության, արդարադատության նախարարության, դատարանի՝ այլ ոչ թե գերիների եւ զինված հակամարտությունների հետեւանքով անհետ կորածների հարցերով զբաղվող կառավարական հանձնաժողովի իրավասության դաշտում: Բացի դրանից, կոնկրետ Դ. Ասկերովի ու Շ. Գուլիեւի դեպքում խոսքն Արցախի, այլ ոչ թե Հայաստանի արդարադատության համակարգի մասին է, այնպես որ պարոն Ախունդովը ամեն դեպքում իր հայտարարության համար սխալ հասցեատեր է ընտրել: Սա այն, ինչ վերաբերում է հարցի իրավաբանական կողմին, իսկ զուտ մարդկայնորեն, հաշվի առնելով մարդասիրական կողմն, ես լիովին համամիտ եմ պաշտոնական Ստեփանակերտի տեսակետին՝ ցինիզմի գագաթնակետ է առաջարկել քրեական հանցագործներին փոխանակել անմեղ մարդու հետ: Արսեն Բաղդասարյանը, որը հիմա ադրբեջանական բանտում է շինծու գործով, պետք է ազատ արձակվի առանց որեւէ նախապայմանի ու արցախյան կողմի վրա ճնշում գործադրելու փորձի:

Պարոն Ախունդովի մասին ձեր նախորդ հիշատակումը՝ որպես չակերտավոր գործընկեր, ըստ երեւույթին վիրավորել է Պետհանձնաժողովի ներկայացուցչին: Ի՞նչ կասեիք այդ կապակցությամբ:

Կցանկանայի բացատրել իմ դիրքորոշումը չակերտների մասին, որի մեջ վերցրել էի «գործընկեր» բառը՝ ԱՀ պետհանձնաժողովի աշխատախմբի ղեկավարի մասին խոսելիս: Վստահեցնում եմ պարոն Ախունդովին, որ էթիկայի ու դիվանագիտական վարքագծի կանոններին ես քաջածանոթ եմ: Պատկերացրեք, որ ես նույնիսկ մշտապես օգտվում եմ դրանցից իմ ամենօրյա աշխատանքում ու կյանքում: Դիմեմ իմ առաջին մասնագիտությանը՝ լեզվաբանությանը: Սերգեյ Օժեգովի ռուսաց լեզվի բացատրական բառարանը «գործընկեր» բառին հետեւյալ սեմանտիկ սահմանումն է տալիս՝ «ընկեր ուսման մեջ կամ աշխատանքում», ու խոսքը, թույլ տվեք նկատել, բացառապես մտավոր աշխատողների կամ որակավորված մասնագետների մասին է: Եվ ի՞նչ գործընկերության մասին կարող է այստեղ խոսք լինել, եթե տարիներով հայկական կողմը փորձում է որեւէ հարաբերություններ հարթել, իսկ ադրբեջանական կողմը կտրականապես մերժում է այդ փորձերը: