Գերմանիայի հատուկ ծառայությունների տեղեկություններով ԻՊ 17 զինյալներ, ձեւանալով փախստական ներխուժել են Եվրոպա, սակայն նրանց մեծ մասն արդեն ոչնչացված է, կամ էլ բանտարկված, հայտնել է հակահետախուզության ծառայության ղեկավար Հանս Գեորգ Մաասենը:
«Կան համոզիչ ապացույցներ, որ ...17 մարդ է Եվրոպա ժամանել ԻՊ հանձանարարությամբ»,- հայտնել է Սահմանադրության պաշտպանության հարցերով դաշնային գերատեսչության ղեկավարը Frankfurter Allgemeine Zeitung –ին տված հարցազրույցում:
Ընդ որում նա պարզաբանել է, որ «նրանց մեծ մասը կամ սպանված է կամ էլ բանտարկված»: Մասնավորապես երկուսին ոչնչացրել են Փարիզում 2015-ի նոյեմբերյան ահաբեկչությունների ժամանակ:
Մաասենը նաեւ համարում է, որ ԻՊ-ն Եվրոպա մուտք գործելու համար փախստականների նման գաղթի ավանդական ճանապարհների օգտագործման կարիքը չունի, սակայն այս դեպքում «խոսքը հնարավորությունների ցուցադրության մասին է»:
Ավելի վաղ Գերմանիայի ՆԳՆ ներկայացուցիչը հայտնել էր այն մասին, որ գերմանական ոստիկանությունը ստանում է հարյուրավոր հաղորդագրություններ այն մասին, որ ժամանած փախստականների շարքերում կան նաեւ ԻՊ ահաբեկիչներ, նրանց բոլորին ստուգում են, մի քանի տասնյակ դեպքերում էլ հետաքննություն է իրականացվում: Անցած տարի Գերմանիան ավելի քան մեկ միլիոն փախստական է ընդունել:





























