Չինաստանը սպասում է Հարավչինական ծովում կղզիների շուրջ Ֆիլիպինների հետ տարաձայնության մասին միջազգային դատարանի որոշմանը: Փորձագետների կարծիքով որոշումը Պեկինի օգտին չի լինի, ինչը վատ է ոչ միայն Ասիայի, այլեւ ԱՄՆ-ի համար, գրում է The National Interest ամսագրի տեսաբան Հարի Կազանիսը:

Ծովային իրավունքի միջազգային դատարանը Չինաստանի ու Ֆիլիպինների միջեւ տարածքային վեճի շուրջ իր որոշումը կկայացնի հուլիսի 12-ին: Կազանիսի կարծիքով Պեկինը, որը չի ընդունում այս վեճի շուրջ միջազգային դատարանի իրավասությունը, կարող է մի քանի ձեւով արձագանքել իր համար բացասական դատավճռին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ամենաքիչ հավանականն այն է, որ Չինաստանը ոչ մի կերպ չի արձագանքի դատարանի որոշմանը ու դե ֆակտո կշարունակի իր ազդեցությունը տարածել Հարավչինական ծովի վրա՝ այնտեղ կղզիներ կառուցել, որոնք կարող են գործածվել որպես ռազմակայան: Հեռանկարում Պեկինը կկարողանա Հարավչինական ծովի վրա սահմանել սաահմանափակող ու մուտքն արգելող գոտի (A2/AD):

Նման իրադրույթունը երկու հավանական շարունակություն ունի ու երկուսն էլ կարող են հանգեցնել գերտերություննեի վտանգավոր բախման: Վաշինգթոնը, հիշեցնում է Կազանիսը, պայմանագրերով կապված է Մանիլայի հետ, ու միակ կողմն է, որը ունակ է ճգնաժամի դեպքում Չինաստանին մարտահրավեր նետել:

Առավել հավանական է, որ Չինաստանը կորոշի սահմանել հակաօդային պաշտպանության նույնականացման գոտի ամբողջ Հարավչինական ծովի վրա, համարում է վերլուծաբանը: Չնայած Չինաստանի պաշտոնյաների ու դիվանագետների մեծ մասը հրապարակավ ժխտում են նման ծրագրի գոյությունը, բայցեւայնպես շեշտում են, որ ապագայում դա հնարավոր է, հաշվի առնելով Չինաստանի համար թշնամական միջավայրը, որը ստեղծվել է տարածաշրջանում:

Ըստ հոդվածագրի՝ նման գոտին, կախված դրա ծավալներից, կարող է տարածաշրջանային ճգնաժամի պատճառ դառնալ, որի մեջ կներքաշվեն ասիական բոլոր երկրները: Վաշինգթոնն էլ առնվազն պետք է պատասխան քայլ անի, ու մեկ- երկու ռմբակոծիչներով գործը չի ավարտվի:

Ամենահավանականն այն է, որ Չինաստանը կսկսի լարել ճգնաժամը մինչեւ հնարավոր կինետիկ հակամարտություն, ճնշելով Ասիայի գլխավոր ցավոտ կետերին՝ Հարավչինական ծովին, որտեղ Պեկինից դժգոհ են Տոկիոն, այնուհետեւ նաեւ՝ Թայվանյան նեղուցին ու Սկարբորո խութին: Վերջին քայլը ռիսկային է, հաշվի առնելով որ Վաշինգթոնը այնտեղ է ուղարկել «Ա 10» «Թանդերբոլթ» գրոհիչներ ուժի ցուցադրության շրջանակում:

Չինաստանն ու տարածաշրջանի մի շարք երկրներ Հարավչինական ու Արեւելաչինական ծովերում գոտիների ու ծովային սահմանների վերաբերյալ տարաձայնություններ ունեն: ՉԺՀ-ն համարում է, որ մի շարք երկրներ, այդ թվում Ֆիլիպինները ու Վյետնամը, գիտակցաբար են օգտագործում ԱՄՆ աջակցությունը՝ տարածաշրջանում լարվածության էսկալացիայի համար:

2013-ի հունվարին Ֆիլիպինները միակողմանի կարգով միջազգային դատարանում վիճարկել է Չինաստանի տարածքային պահանջները Հարավչինական ծովի մի շարք շրջաններում, սակայն պաշտոնական Պեկինը կտրականապես մերժում է նման հարցերը միջազգային դատարանում լուծելու հնարավորությունը: