Հռոմի Ֆրանցիսկոս պապը դատապարտել է ուրբաթ երեկոյան Բանգլադեշի մայրաքաղաք Դակկայում իրականացված ահաբեկչական գործողությունը եւ խորը ցավակցություն է հայտնել անմեղ մարդկանց զոհվելու կապակցությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Ուղերձում, որը քահանայապետի անունից շաբաթ օրը Դակկայի արքեպիսկոպոսություն է ուղարկել Վատիկանի կարդինալ Պյետրո Պարոլինը, խոսվում է  «անմեղ զոհերի նկատմամբ խելագար բռնության մասին»:

«Ամբողջ սրտով ցավակցություն եմ հայտնում եւ դատապարտում եմ այդ բարբարոսական արարքները, որոնք անարգանք են Աստծու եւ մարդկության հասցեին», — հայտնել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը եւ հավաստիացրել, որ աղոթելու է զոհվածների եւ վիրավորների ընտանիքների համար: 

Զինված ահաբեկիչները ուրբաթ երեկոյան հարձակվել են Դակկայի դիվանագիտական թաղամասում ռեստորանի վրա: Շաբաթ առավոտյան ոստիկանությունը գրոհի է անցել, վեց գրոհային ոչնչացվել է: Գործողության ընթացքում հաջողվել է ազատել  13 մարդու, այդ թվում` Ճապոնիայի մեկ քաղաքացու եւ Շրի Լանկայի երկու քաղաքացու:   20 պատանդ զոհվել է: