Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը Շոտլանդիայի խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ արագ փոխվող աշխարհում հանգստություն պահպանելը ավելի ու ավելի դժվար է դառնում, հայտնում է Reuters–ը:

Նշում են նաեւ, որ Շոտլանդիայի խորհրդարանի հինգերորդ նստաշրջանը բացելիս թագուհին իր ելույթում չի հիշատակել ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով հանրաքվեն:

«Մենք բոլորս ապրում ու աշխատում ենք օրեցօր ավելի բարդ ու պահանջկոտ դարձող աշխարհում, որտեղ իրադարձությունները կատարվում են զարմանալի արագությամբ: Եվ հանգիստ ու կազմակերպված մնալը հետզհետե դժվարանում է»,- ասել է Եղիսաբեթ երկրորդը:

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին հանրաքվեից հետո, Հյուսիսային Իռլանդիա իր այցի ժամանակ Մեծ Բրիտանիայի թագուհին կատակել է, որ «դեռ ողջ է»:

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով հանրաքվեն անցել է հունիսի 23-ին: Brexit -ի կողմնակիցները հաղթել են հանրաքվեում ձայների 51.9 տոկոսով, դեմ քվեարկել է 48.1 տոկոսը: Հյուսիսային Իռլանդիայի ու Շոտլանդիայի քաղաքացիներն էլ իրենց հերթին կողմ են արտահայտվել ԵՄ-ում Բրիտանիայի անդամակցության պահպանմանը: