Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Թերեզա Մեյը իշխող Պահպանողական կուսակցության անդամների եւ կողմնակիցների շրջանում երկրի վարչապետի պաշտոնի ամենացանկալի թեկնածուն է: Այս մասին են վկայում Sun on Sunday պարբերականի հրապարակած հարցման արդյունքները:
Ըստ ՏԱՍՍ-ի, Մեյին Պահպանողական կուսակցության ղեկավարի եւ վարչապետի պաշտոնում ցանկանում են տեսնել կուսակցականների 60%-ը, երկրորդ տեղում 10%-ով արդարադատության նախարար Մայքլ Գոուվն է: Եռյակը եզրափակում է էներգետիկայի եւ կլիմայի փոփոխության փոխնախարար Անդրեա Լիդսոմը՝ 6% աջակցությամբ:
Բրիտանական կառավարության ղեկավարի պաշտոնի համար պայքարելու մասին հայտարարել է 5 գործիչ: Նշվածներից բացի, վարչապետի պաշտոնը ցանկանում են զբաղեցնել աշխատանքի եւ կենսաթոշակների հարցերի նախարար Սթիվեն Քրաբն ու պաշտպանության նախկին նախարար Լիամ Ֆոքսը: Պահպանողականների ղեկավարի ընտրությունների առաջին փուլում թեկնածուների թիվը պետք է հասնի 2-ի: Առաջին քվեարկությունը նախանշված է հուլիսի 5-ին:





























