Ավստրալիայի իշխանությունները մեղադրանք են առաջադրել ութ կասկածյալների՝ 206 մլն դոլար արժողության 275 կգ մետամֆետամին հայտնաբերելու կապակցությամբ:

Ավստրալիայի ներգաղթի ու սահմանների պաշտպանության նախարարության աշխատակիցները թմրանյութ են հայտնաբերել բեռներ փոխադրող կոնտեյներների կեղծ հատակի տակ: Ձերբակալվել է Ավստրալիայի յոթ քաղաքացի ու մեկ մալայզիացի, հայտնում է «Ֆրանս Փրես» գործակալությունը:

«Երեքին առաջադրվել է մեղադրանք ՝ թմրանյութերի առեւտրային ներկրման օրենսդրության խախտման համար, մյուս հինգին մեղադրում են իրացման նպատակով մեծ քանակության մետամֆետամին ապօրինաբար ներկրելու փորձի համար»,- ասում են վարչության ներկայացուցիչները ՝ հավելելով, որ վերջին դեպքում հնարավոր պատժամիջոց է ցմահ ազատազրկումը:

Ավստրալիայի ոստիկանությունը նշել է, որ գործողության ժամանակ նրանց աջակցել են Չինաստանի իշխանությունները, որոնց հետ միասին երկիրը պայքարում է մետամֆետամինի մաքսանենգության դեմ: