Բրիտանացի պատգամավորները մտադիր են դատական գործ հարուցել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի դեմ Իրաքում երկրի մասնակցության հանգամանքների հետաքննության շրջանակներում, գրում է The Guardian–ը։

2003-ին ԱՄՆ–ի եւ նրա դաշնակիցների՝ Իրաք ներխուժելու գործում Բրիտանիայի մասնակցության եւ Թոնի Բլերի դերի մասին քննչական կոմիտեի զեկույցը կհրապարակվի հուլիսի 6-ին։ Այդ ժամանակ պատգամավորները, որոնց թվում՝ լեյբորիստներն ու շոտլանդացի ազգայնականները, մտադիր են փորձել նախկին վարչապետին պատասխանատվության կանչել։

«Պատճառն այն է, որ սպանվել է 179 բրիտանացի զինվոր, 150 հազար մարդ էլ զոհվել է Իրաքում հակամարտության ժամանակ։ Աշխարհը բախվել է իրական ահաբեկչական սպառնալիքի»,– ասել է պատգամավոր Ալեքս Սալմոնդը։

Նրա կարծիքով Բլերը պետք է վճարի Բրիտանիային սարսափելի հետեւանքներով անօրինական պատերազմի մեջ ներքաշելու համար։

Որպես պատիժ՝ Բլերին կարող է սպառնալ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ցմահ արգելք, նշում է թերթը։

Թոնի Բլերի աշխատակազմից զեկույցի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չեն տվել։