ԵՄ կազմից դուրս գալու մասին Մեծ Բրիտանիայի որոշումը փլուզում է արագ Եվրամիություն մտնելու Ուկրաինայի հույսերը, գրում է The Wall Street Journal–ը։
Թերթը նշում է, որ շատերը մտահոգվում են, որ Brexit–ը Եվրոպայի առաջնայնությունների ցուցակում Ուկրաինային կիջեցնի ստորին հորիզոնականներ եւ կդժվարացնի անվիզա ռեժիմ ստանալու հնարավորությունը։
«Իհարկե, մենք կուզեինք Եվրոպայի մաս դառնալ։ Եվ Brexit–ը լուրջ ազդակ է, որ Եվրամիությունը կարող է տրոհվել»,– ասում է լվովցի բժիշկ Կոնստանտին Վասիլկեւիչը։
Շատերը վախ ունեն նաեւ, որ Brexit–ը վտանգի տակ է դնում իրենց անվտանգությունը. թուլացած եւ տրոհված Եվրոպան քիչ քաղաքական կամք ունի Ռուսաստանին դիմակայելու համար։
«Անխոս, ԵՄ–ն կթուլանա։ Ամենածանր մղձավանջում ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Մեծ Բրիտանիան առաջինը կլքի ԵՄ–ն»,– ասել է Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին։
WSJ–ն գրում է, որ Կիեւի եվրոպական ձգտումներն արդեն լուրջ փորձության միջոցով են անցել ապրիլին, երբ հոլանդացի ընտրողները մերժեցին ԵՄ–ի հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագիրը։ Անցյալ շաբաթ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն հայտնել էր, որ Հաագան չի վավերացնի համաձայնագիրը, առանց իրավաբանական փոփոխությունների։
Եվրոպա անվիզա ուղեւորությունների հույսը նույնպես պակասում է, շարունակում է թերթը։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ ԵՄ–ն աշխատում է մեխանիզմների վրա, որոնք թույլ կտան կասեցնել այս կամ այն երկրի անվիզա ռեժիմը։
Թերթը նաեւ նշում է, որ Brexit–ը սասանել է եվրոպական նախագծի մասին որոշ ուկրաինացիների իդեալիստական պատկերացումները։





























