Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թյորնբուլը պետք է հրաժարական տա։ Այս մասին ասել է Ավստրալիայի ընդդիմության առաջնորդ Բիլլ Շորթենը, հայտնում  է AP–ը։

«Պարոն Թյորնբուլը ակնհայտորեն պատկերացում չունի, թե ինչ է անում։ Անկեղծ ասած՝ ես կարծում եմ, որ նա պետք է հեռանա։ Նա անկայունություն է բերել։ Այդ մարդը չի համապատասխանում իր պաշտոնին»,– ասել է Շորթենը լրագրողներին։

Շորթենը նշել է, որ Թյորնբուլը փորձել է օգուտ քաղել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեից եւ հայտարարել է, որ Բրիտանիայում տեղի ունեցածի պատճառով Ավստրալիայում ընտրողները պետք է իր օգտին քվեարկեն։ «Այդ մարդը Հարավային կիսագնդի Դեւիդ Քեմերոնն է»,– ասել է Շորթենը։

Շորթենի հայտարարությունը հնչել էր հուլիսի 2-ին Ավստրալիայում կայացած խորհրդարանական ընտրությունների ֆոնին։ Քվեաթերթիկների 79.3 տոկոսը հաշվելուց հետո Լիբերալ–ազգային կոալիցիան եւ Լեյբորիստական կուսակցությունը ստացել են խորհրդարանի ստորին պալատի 150 մանդատներից 68-ն ու 67-ը։