Իսրայելի Կնեսետի լիագորմար նիստում, հուլիսի 5-ին, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկմն ժամանակ դրսում բողոքի ակցիա է կազմակերպվելու՝ ի պաշտպանության Հայոց ցեղասպանության ճանաչման:

Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանագետ հայր Կորյունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այդ օրը Իսրայելի Կնեսետի մոտ մի խումբ հայեր եւ հրեաներ բողոքի ակցիա կանցկացնեն՝ պահանջելով Կնեսետից ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Երբ անցած տարի հունիսին խորհրդարանի կրթության  հանձնաժողովում քննարկվեց Հայոց ցեղասպանության հարցը, հանձնաժողովի նախագահը կոնկրետ առաջարկներ է  ներկայացրել Իսրայելի կառավարությանը՝  ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ կրթության նախարարությանը՝ ցեղասպանության նյութը ներառել դասավանդման ծրագրում: Դրանից հետո առաջին անգամ Կնեսետը պետք է  Հայոց ցեղասպանության հարցը քննարկի: Այս տրամաբանությամբ կարելի է ասել, որ արդեն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կա Իսրայելի Կնեսետի օրակարգում: Քննարկումն ուղեկցվելու է ցույցով, որը կազմակերպել է հայ համայնքի Երուսաղեմի միացյալ հանձնախումբը, ինչպես նաեւ հրեաները, որոնք պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-ասաց հայր Կորյունը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Իսրայելի Կնեսետը հուլիսի 5-ին՝ գերմանական Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումից մեկ ամիս անց, Ցեղասպանության թեմայով քննարկումներ կանցկացնի: