«Հայկական Վերածնունդ» համասփյուռքյան կազմակերպությունը դատապարտում է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի եւ Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում (ՇԱԳԱՄ) ՀԿ ղեկավարության եւ անդամների նկատմամբ վերջին օրերին ակտիվացված քաղաքական հալածանքները:
Կազմակերպության տարածած հայտարարությունում նաեւ ասվում է.
«Ինչպես հայտնի դարձավ, վերջիններիս բնակարաններում տեղի են ունեցել խուզարկություններ, հարցաքննություններ եւ մեկ ձերբակալություն:
Ժիրայր Սեֆիլյանի անհիմն ձերբակալությունից հետո ակնհայտ է դարձել, որ ռեժիմը ամեն կերպ փորձում է շինծու քրեական գործ կառուցել՝դրանում օգտագործելով պարտադրված, կեղծ ցուցմունքներ եւ խուզարկությունների միջոցով փորձում է ինչ որ կերպ կորզել համապատասխան նյութեր:
Հատկապես զայրացուցիչ է, որ խուզարկվել է նաեւ մեր կազմակերպության Բելգիայի մասնաճյուղի պատասխանատու, ՇԱԳԱՄ-իվարչության անդամ Գարիկ Խաչատրյանի հայրական տունը: Բնականաբար այնտեղ ոչինչ չի հայտնաբերվել:
Նշենք, որ Գարիկ ԽաչատրյանըՀայաստանում չի բնակվում: Նա ապրիլյան պատերազմից հետո երկու ամսով գտնվում էր Հայաստանում՝ քառօրյա պատերազմում զոհված հերոսների ընտանիքների համար մեր կազմակերպության կողմից հավաքված դրամական օգնությունը հասցեատերերին հատկացնելու նպատակով: Այդ ընթացքում նա նաեւ բազմաթիվ շփումներ է ունեցել ՇԱԳԱՄ-ի եւ Նոր Հայաստանի ղեկավարության հետ, որը եւ պատճառ էդարձել նրան նույնպես քաղաքական հալածանքների ենթարկելու:
«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության բոլոր անդամների կողմից մեր զորակցությունն ենք հայտնում «Նոր Հայաստանի» եւ ՇԱԳԱՄ-ի խաղաղ քաղաքացիական նախաձեռնություններին:
ՀՀ իշխանություններից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին եւ դադարեցնել ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ սանձազերծած քաղաքական հալածանքները»:





























