Թբիլիսիում հուլիսի 5-ին՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 25-րդ նստաշրջանի շրջանակներում, ԽՎ նախագահ է ընտրվել ավստրիացի պատգամավոր Քրիստին Մութոննենը, ով կպաշտոնավարի մինչեւ 2017–ը, հայտնում է NEWS.am–ի թղթակիցը Թբիլիսիից։ Նրա թեկնածության օգտին քվեարկել է 86 պատգամավոր։ ԵԱՀԿ ԽՎ նախագահի պաշտոնին հավակնում էր նաեւ վրացի պատգամավոր Գեորգի Ծերեթելին, ով հավաքել է 73 ձայն։
ԵԱՀԿ ԽՎ–ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանի խոսքով՝ Մութոննենը օբյեկտիվ եւ արդար մոտեցում ունի հակամարտությունների հարցում, եւ նրա հետ աշխատանքն արդյունավետ կլինի։
ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահներ են ընտրվել լիտվացի պատգամավոր Ալեկնաիտե Աբրամկիենեն՝ 102 ձայն, մոլդովացի պատգամավոր Վիկտոր Դոբրեն՝ 96 ձայն, ադրբեջանցի պատգամավոր Ազայ Գուլիեւը՝ 119 ձայն, պորտուգալացի Իզաբելա Սանտոշը՝ 120 ձայն։ Սանտոշը, Գուլիեւն ու Աբրամկիենեն այդ պաշտոնը կզբաղեցնեն մինչեւ 2019-ի վերջը։





























