Ֆրանսիայում Ցեղասպանության ժխտման քրեականացման օրենքով Ֆրանսիայում Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու ուղղությամբ իրականացրած քաղաքականությունը դառնում է անկարելի. «Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումն էր եւ նա կատարեց:  Այս օրենքը բոլոր ցեղասպանությունները եւ մարդկության դեմ կատարվող հանցագործությունները քրեականացնող օրինագիծ է եւ այն ուղարկվել է Սենատ, որը սեպտեմբերին հնարավոր է՝ ընդունի: Այս օրինագծի ընդունմամբ Ֆրանսիայում ոչ ոք այլեւս իրավունք չի ունենա ասել, որ  Հայոց ցեղասպանություն տեղի չի ունեցել, այդ թվում՝ այլ ցեղասպանություններ: Ինչպես որ արգելվում է Հոլոքոստի ժխտումն, այդպես էլ  այս օրենքով կարգելվի մերժել Հայոց ցեղասպանությունը»,- NEWS.am-ի հետ զրույցում  ասաց  Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող, խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

Հարցին` հնարավոր է արդյոք, որ Սահմանադրական դատարանի կողմից Ֆրանսիայում Ցեղասպանությունների ժխտման քրեականացման օրենքը նախորդի նման ՍԴ-ի կողմից մերժվի, Մուրադ Փափազյանը պատասխանեց, որ այս անգամ օրենքը շատ լավ ուսումնասիրվել է իրավաբանների կողմից եւ կարելի է ասել՝ գրեթե անհնար է, որ  Սահմանադրական դատարանը խոսքի ազատության խախտումների, օրենքում առկա թերությունների պատճառով բեկանի այն. «Այս անգամ օրենքը եւ մեր, եւ կառավարության իրավաբանների կողմից լավ ուսումնասիրվել է եւ այնպես ենք արել, որ թերություններ չլինեն: Գրեթե համոզված ենք, որ այս անգամ դատարանը չի մերժի: Բայց միշտ էլ վտանգ կա, 100 տոկոսով վստահ չենք կարող լինել, միշտ էլ ամեն ինչ հնարավոր է »,-ասաց նա:

Մուրադ Փափազյանը նշեց, որ այժմ Ֆրանսիայում հայ համայնքի ներկայացուցիչներն ամեն ինչ անում են, որպեսզի սեպտեմբերին օրենքը Սենատի անդամների կողմից եւս ընդունվի. «Հաջորդ հանգրվանը Սենատն է եւ մենք այժմ արշավների տեսքով աշխատանքներ ենք տանում, որպեսզի Սենատի անդամների մեծամասնությունն ունենանք եւ մեծամասնությամբ ընդունվի օրենքը, իհարկե, թուրքական կողմն էլ հակառակ ուղղությամբ է աշխատում»: 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ֆրանսիայի Ազգային Ժողովը հուլիսի 1-ին 21 կողմ եւ ոչ մի դեմ ձայներով ընդունել է  «Հավասարություն եւ քաղաքացիություն» օրինագծում առաջարկված փոփոխությունները, որ խոստացել էր կատարել նախագահ Ֆրանսուա Օլանդը։

20Minutes կայքի փոխանցմամբ, փոփոխություններով առաջարկվում է 45 հազար եվրո տուգանք սահմանել մարդկության դեմ հանցագործությունների ժխտման համար։ Ընդ որում, օրինագծում հատուկ նշվում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին։

Նախագիծն այժմ ուղարկվել է Սենատի ընդունմանը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում Ցեղասպանության ժխտման քրեականացման նախորդ օրենքը արգելափակվել էր Սահմանադրական դատարանի կողմից, եւ Ֆրանսուա Օլանդը նոր օրինագիծ էր նախաձեռնել։