Հայ վաճառականները Չինաստանում առեւտուր էին անում դեռ 12-րդ դարում։ Այս մասին հուլիսի 6-ին՝ Վալերի Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում չինագիտական կենտրոնի բացմանը, ասել է Global Group International Holdings Limited of Suite չինական ընկերության ներկայացուցիչ Ձինբո Սյոնը։

Նրա խոսքով՝ հայ վաճառականները Չինաստանում ապրում էին դեռ 12-րդ դարում եւ նկատելի հետք են թողել երկրի պատմության մեջ։ Նրանք ապրել են Հարբինում, Շանհայում, Գուանչժոյում, Հոնկոնգում, հասել են հեռավոր գավառներ։ Ամենահայտնի չինահայ ձեռներեցներից մեկն ապրել է 19-րդ դարում։

8 տարեկանում որբանալով՝ նա կարողացավ իր տեղը գտնել կյանքում եւ դառնալ Շանհայի պատմության մեջ ամենահայտնի գործարարներից մեկը։ Նա հիմնել է քաղաքի խոշորագույն կենտրոններից մեկը, որը գործում է մինչեւ հիմա։ «Չինական ապրանքները համապատասխանում են Հայաստանի շուկային եւ մեծապես պահանջված են այստեղ։ Չինաստանն, իր հերթին, նույնպես հետաքրքրված է հայկական ապրանքներով, այդ թվում՝ կոնյակով։ Մենք պատրաստ ենք զարգացնել գործնական համագործակցություն, եւ նոր կենտրոնի բացումը հերթական անգամ վկայում է այս մասին»,– նշել է Ձինբո Սյոնը։