Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հետեւելու է տեղական եւ արտասահմանյան լրատվամիջոցներում այսօր՝ հուլիսի 6-ին, տարածված այն տեղեկությանը, թե Kinder շոկոլադում քաղցկեղածին նյութեր են հայտնաբերվել: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում ծԾառայությունը կիրականացնի համապատասխան գործողություններ՝ այդ մասին իրազեկելով հանրությանը:
«Տեղեկություն տարածվեց այն մասին, որ գերմանական Foodwatch սպառողների իրավունքների պաշտպանության մասնագետները Kinder շոկոլադում քաղցկեղածին նյութեր են հայտնաբերել: Չնայած այն հանգամանքին, որ շոկոլադե սալիկներում հնարավոր քաղցկեղածին նյութերի մասին հաղորդագրություն չկա Սննդամթերքի եւ կերերի արագ արձագանքման միջազգային համակարգում՝ RASSF-ում, ինչպես նաեւ փաստը առայժմ չի հաստատվել որեւիցե երկրի լիազոր մարմնի կողմից, այդուհանդերձ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հետեւելու է հետագա զարգացումներին եւ անհրաժեշտության դեպքում կիրականացնի համապատասխան գործողություններ՝ իրազեկելով այդ մասին հանրության»,-ասաց նա:
Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ մայրաքաղաքի խանութներում վաղվանից ուսումնասիրություններ կանցկացվեն, որի արդյունքում պարզ կլինի՝ արդյոք այդ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, թե ոչ:





























