Հայաստանում դպրոցական կրթությունը պետք է լինի ժամանակակից, բայց ծառայի ազգի պահպանմանը։ Այս մասին հուլիսի 7-ին Կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ դպրոցների տնօրենների ընտրությունները եւ դպրոցական բյուջեին վերաբերող հարցերը պետք է լինեն թափանցիկ։ Կան նաեւ չլուծված խնդիրներ լիցեյների եւ տեխնիկումների դեպքում։ Պետք է վերանայել նաեւ բուհական խորհուրդների գործունեությունը եւ ընդունելության կարգը։ Վերջապես առաջնահերթ կարեւոր է բուհական կրթության եւ աշխատաշուկայի համապատասխանության խնդիրը։ «Այդ խնդիրների լուծման համար ԿԳՆ–ն այլ լիազոր պետական մարմինների հետ անհրաժեշտ խորհրդակցություններ կանցկացնեն»,– ասել է վարչապետը։




























