Եվրախորհրդարանի գլխավոր քարտուղար Կլաուս Վելլեն առաջարկել է վերանայել Եվրամիության անդամ երկրներում քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման կանոնները` եվրոթերահավատների բյուջեն կտրելու նպատակով, գրում է  Politico պարբերականը, որը ծանոթացել է նախագծին:

Պարզվում է, որ այս պահին քաղաքական կուսակցությունն իրավունք ունի Եվրախորհրդարանի բյուջեից միջոցներ ստանալ, եթե իր ներկայացուցիչներն ունի ԵՄ-ի կամ ԵԽ-ի յոթ տարբեր ազգային կամ շրջանային խորհրդարաններում, կամ էլ եթե ԵԽ-ի վերջին ընտրություններին ընտրողների ձայների առնվազն 3 տոկոսն է ստացել: Դա նշանակում է, որ համաեվրոպական կուսակցությունը կարող է ԵՄ-ի տվյալ օրգանում մանդատներ չունենալ, բայց առաջվա նման  ֆինանսավորում ստանալ շրջանային եւ ազգային խորհրդարաններում ընտրված ներկայացուցիչների հաշվին: 

Politico-ի տեղեկության համաձայն, Վելլեն մտադիր է այնպես անել, որ ֆինանսավորում տրամադրվի միայն այն կուսակցություններին, որոնց ներկայացուցիչները Եվրախորհրդարանում մանդատներ են ստացել: Բացի այդ, այն առաջարկում է յուրաքանչյուր կուսակցության համար 7–22 պատգամավորական մանդատի չափով քվոտաներ մտցնել:

«Կանոնների փոփոխությունն անհրաժեշտ է, որպեսզի Եվրախորհրդարանի գումարները չօգտագործվեն ամբոխավարական կուսակցությունների կողմից, որոնք Եվրոպայի դեմ են հանդես գալիս», — Եվրոպական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Լոպես Դե Պաբլոյի խոսքերն է մեջբերում թերթը: 

Հավանության արժանանալու դեպքում այս պլանը կարող է գործարկվել  2018-ին: Սակայն պարբերականը նշում է, որ կանոնների փոփոխությունը հազիվ թե ազդի եվրոթերահավատների խոշորագույն կուսակցությունների վրա, օրինակ` ֆրանսիական  «Ազգային ճակատի»: Այն ամենայն հավանականությամբ կհարվածի մանր կուսակցություններին, հայտնում է Gazeta-ն: