Հայ- ադրբեջանական հակամարտությունը անմիջապես անդրադառնում է նաեւ իմ ընտանիքի վրա, այս մասին հուլիսի 7-ին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային ու մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը՝ Երեւանում Կոմիտասի անվան թանգարան ինստիտուտ կատարած այցելության ժամանակ:
«Իմ հարսը կիսով չափ հայ է, կիսով չափ ադրբեջանցի, դրա համար էլ ամեն անգամ, երբ կոլիզիաներ են առաջանում, դա անցնում է մեր ընտանիքի յուրաքանչյուր անդամի սրտով»,- պարզաբանել է Շվիդկոյը:
Անդրադառնալով վերջերս արված հայտարարությանն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում շատ բան է կախված երկու երկրների մտավորականությունից, Շվիդկոյը հավելել է, որ այսօր վերնախավն ավելի ճիշտ կաներ, եթե ընդմիջում վերցներ ու փորձեր հասկանալ այն, ինչ կատարվել է ու այն ինչ կարող է կատարվել:
«Ինչ վերաբերում է ինձ, իմ դիրքորոշումը ծայրաստիճան պարզ է՝ ոչ մի գաղափարներ, ոչ մի տարածքային պահանջներ, առհասարակ ոչինչ չարժե հայ ու ադրբեջանցի երեխայի արյանը: Բոլոր գաղափարները ոչ մի գրոշ արժեք չունեն, եթե դրանք արյուն են պահանջում: Պետք է որոնել փոխզիջում, քանի որ ծնվում են երեխաներ, ու նրանք չպետք է գնան պատերազմի: Եւ իհարկե իմ սերունդը շատ վատ սերունդ կլինի, եթե այս հակամարտության լուծումը սերունդներին թողնի»- ամփոփել է նա:




























