ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպան Իոաննիս Տայիսին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Տայիսին՝ հայ-հունական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում նրա ունեցած անձնական ներդրման համար, ինչի շնորհիվ, ըստ նախագահի, միջպետական համագործակցությունն ընդլայնվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ամենատարբեր ոլորտներում:
Սերժ Սարգսյանը նշել է, որ Հունաստանի դեսպանի շուրջ քառամյա գործունեության ընթացքում երկկողմ հարաբերություններում գրանցված առաջընթացը եւ այդ նպատակով Իոննիս Տայիսի ներդրած ջանքերը բարձր են գնահատվում թե՛ ՀՀ իշխանությունների, թե՛ ժողովրդի կողմից:
Նախագահը հույս է հայտնել, որ մեր երկրում Հունաստանի հաջորդ դեսպանը նույն նվիրումով ու եռանդով կշարունակի զարգացնել երկու բարեկամ երկրների եւ ժողովուրդների միջեւ հարաբերությունները, որոնք դարերի պատմություն ունեն: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հունաստանում ՀՀ նորանշանակ դեսպանին նույն ակնկալիքներով եւ հանձնարարականներով է գործուղել Աթենք:
Դեսպան Տայիսը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին՝ իր գործունեությանը տված բարձր գնահատականի, ջերմ խոսքերի եւ Հայաստանում պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածում իրեն ցուցաբերված օժանդակության համար: Դեսպանը նշել է, որ անցած շուրջ չորս տարիներին Հայաստանում մշտապես շատ ջերմ վերաբերմունքի է արժանացել, որի համար անչափ երախտապարտ է եւ վստահ է, որ դա հայ եւ հույն ժողովուրդների փոխադարձ ջերմ վերաբերմունքի արտահայտությունն է: Իոաննիս Տայիսը վստահեցրել է, որ Հայաստանից մեկնելուց հետո էլ շարունակելու է մեր երկիրը եւ նրա հետ կապված ջերմ հիշողությունները պահել իր սրտում՝ մնալով Հայաստանի եւ հայ ժողովրդի բարեկամը:





























