Փախստականների խնդիրներն այս տարածաշրջանում առաջացել են Ադրբեջանի ցեղասպան եւ հայատյաց քաղաքականության հետեւանքով: Այս մասին, այսօր՝ հուլիսի 7-ին, Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության անդամներ Մարիամ Ավագյանի, Ալեքսանդր Գրիգորյանի, Յուրի Բաղդասարյանի եւ Մարտին Իսրայելյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է հյուրերի այցը խորհրդարան եւ նշել, որ փախստականների խնդիրներն այս տարածաշրջանում առաջացել են Ադրբեջանի ցեղասպան եւ հայատյաց քաղաքականության հետեւանքով: Տարածաշրջանում տեղի ունեցած արյունալի դեպքերը գնահատելով որպես հանցանք ողջ մարդկության նկատմամբ՝ ԱԺ փոխնախագահը շեշտել է, որ նույնիսկ տասնամյակներ անց Ադրբեջանի ձեռագիրը չի փոխվել: «Թալիշի խաղաղ բնակիչների սպանդը կրում էր Սումգայիթի եւ Բաքվի հայերի կոտորածների ձեռագիրը»,-նշել է Էդուարդ Շարմազանովը:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ հյուրերն ԱԺ փոխնախագահին են ներկայացրել այցի նպատակները: Կազմակերպության համակարգող Մարիամ Ավագյանն անդրադարձել է Ադրբեջանական ԽՍՀ-ից շուրջ 660 հազար հայ փախստականների խնդիրներին: Այս համատեքստում տիկին Ավագյանը կարեւորել է միջազգային տարբեր հարթակներում հայ փախստականների խնդիրների բարձրաձայնումը, բարձրացրել ներքին տեղահանվածների վերադարձի խնդիրը:

Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության անդամների հետ հետագա համագործակցության պատրաստակամություն է հայտնել: