Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում հուլիսի 29-ին կբացվի Հովհաննես Այվազովսկու աշխատանքների հետահայաց լայնածավալ ցուցադրությունը, որը նվիրված է նրա ծննդյան 200-ամյակին:
Տրետյակովյան պատկերասրահի սրահներում` Կրիմսկի Վալում, կներկայացվի վարպետի մոտ 100 գեղարվեստական եւ 50 գրաֆիկական աշխատանք: Ընդհանուր առմամբ, Այվազովսկու իսկ խոսքով, նա մոտավորապես 6000 աշխատանք է ստեղծել: Մոնոգրաֆիական ցուցահանդեսին կներկայացվեն նրա ստեղծագործության լավագույն նմուշները:
Այվազովսկու տաղանդը բազմաշերտ է. նրա հայտնի ծովային բնանկարներից բացի, ցուցահանդեսի այցելուները կկարողանան ծանոթանալ մարտանկարչության օրինակների, գծանկարների եւ այլնի հետ:
Ցուցադրությունում կենտրոնական տեղ կզբաղեցնեն այնպիսի կարեւոր ստեղծագործություններ, ինչպիսիք են «Իններորդ ալիքը» (1850) եւ «Ալիքը» (1889, երկուսն էլ ՌՊԹ), «Ծիածանը» (1873) եւ «Սեւ ծովը» (1881, երկուսն էլ` ՊՏՊ): Բացահայտում կդառնա լայնածավալ` «Կովկասի ափերին» (1885, ՊՏՊ) կտավը, որը նախկինում երբեք չի մասնակցել ցուցահանդեսների:
Փաստաթղթերի բաժինը կբացահայտի Հովհաննես Այվազովսկու մեցենատային գործունեության թեման, նա մեծ ներդրում է ունեցել հարազատ քաղաքի` Թեոդոսիայի զարգացման մեջ եւ նրա առաջին պատվավոր քաղաքացին է դարձել: Ցուցադրությունը կլրացնեն հեռադիտակները, կողմնացույցները, նավերի մակետները եւ գլոբուսը, գրում է Artinvestment-ը:





























